Երթևեկության մի շարք խախտումների համար պատասխանատվությունը, հնարավոր է, խստացվի․ ՆԳՆ նոր նախագիծը
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենսդրական փաթեթ, որով առաջարկում է խստացնել ճանապարհային երթևեկության մի շարք խախտումների համար պատասխանատվությունը։
Համապատասխան օրենսդրական փաթեթը հրապարակվել է e-draft.am հարթակում։
Գործող օրենսդրությամբ ոստիկանությունն իրավունք ունի տեխնիկական միջոցների կիրառմամբ իրականացնելու միայն արտաշնչած օդի մեջ ալկոհոլի պարունակության միջոցով վարորդի սթափության վիճակի զննություն, իսկ թմրանյութ օգտագործած վիճակում վարելու կասկածի (բավարար հիմքերի) առկայության դեպքում նշված փաստի ստուգումն իրականացվում է միայն արյան կամ մեզի միջոցով՝ բժշկական կազմակերպությունների կողմից։
Նախագծերի փաթեթով առաջարկվում է նախատեսել հնարավորություն՝ տեխնիկական միջոցների կիրառմամբ իրականացնելու նաև թմրանյութի օգտագործմամբ պայմանավորված ոչ սթափ վիճակում գտնվելու փաստի ստուգում և դրա հիմքով կիրառել վարչական պատասխանատվություն։
Առաջարկվում է նաև վերանայել տրանսպորտային միջոցներով երեխաների փոխադրման համար նախատեսված սանկցիայի տեսակներն ու չափերը՝ գործող 5000 դրամ տուգանքի նախատեսելով 10000 դրամ տուգանք և 1 տուգանային միավոր։
Ինչպես նշվում է հիմնավորման մեջ, ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մանկական տրավմատիզմի կանխարգելման նպատակով անհրաժեշտություն է առաջացել վերանայել տրանսպորտային միջոցներով երեխաների փոխադրման կանոնների խախտման համար նախատեսված սանկցիայի տեսակներն ու չափերը, քանի որ, ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները, չնայած ոստիկանության կողմից կիրառվող վարչական ներգործության միջոցներին (2025 արձանագրվել է 11.198 իրավախախտում՝ 2024 թվականի համեմատությամբ 5747-ով կամ 105%-ով ավելի), դեռևս շարունակվում են առանց մանկական պահող հարմարանքների երեխաների փոխադրման դեպքերը մնալ շատ, ինչն էլ ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ հանգեցնում է ծանր հետևանքների։
Բացի այդ, խցանումների առաջացումը կանխելու և բնականոն երթևեկության հոսք ապահովելու համար առաջարկվում է՝
1) «Մուտքն արգելվում է» կամ «Բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելվում է» ճանապարհային նշանի պահանջները չկատարելու համար նախատեսել տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով և 2 տուգանային միավոր,
2) տրանսպորտային միջոցը երթևեկելի մասի երկրորդ կամ ավելի շարքում տեղակայելու համար նախատեսել տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով և 1 տուգանային միավոր,
3) խստացնել ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետի տարածքում կանգառ կատարելու կամ կայանելու կամ երթևեկելի մասի եզրին ոչ զուգահեռ կայանելու համար պատասխանատվությունը՝ հնգապատիկի չափով տուգանքի փոխարեն նախատեսելով տասնապատիկի չափով տուգանք և 1 տուգանային միավոր։
Նախագծերի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

