Մարտի 1-ի գործով քրվարույթի քննությունը 2025 թ.-ից նոր ընթացք է ստացել. գլխավոր դատախազ
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ 2008 թ.-ի մարտի 1-ի և 2-ի դեպքերի վերաբերյալ քրեական վարույթի քննությունը 2025 թ.-ից նոր ընթացք է ստացել, հայտնել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
«Գլխավոր դատախազի որոշմամբ՝ համատեղ քննչական խումբ է ձևավորվել, որտեղ ներառված են 20-ից ավելի քննիչներ ինչպես Հակակոռուպցիոն կոմիտեից, այնպես էլ Քննչական կոմիտեից։ Բացի այդ, հսկողություն է իրականացվում դատախազական խմբի կողմից․ ներգրավված են 6 դատախազներ», - նշել է Վարդապետյանը «Լուրեր»-ի հետ զրույցում։
Նրա խոսքով՝ գործի քննությունը նաև կառուցվածքային փոփոխության է ենթարկվել։
Գլխավոր դատախազը նշել է, որ առանձնացվել է 5 հիմնական ուղղություն, որոնցից յուրաքանչյուրում քննվում են մարտի 1-ի և 2-ի իրադարձությունների տարբեր դրվագներ՝ սկսած Ազատության հրապարակում խաղաղ ցուցարարների ցրումից մինչև բանակի ներգրավումը և դրան հաջորդած իրադարձությունները։
Դատախազության տվյալներով՝ մարտի 1-ի քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել այն ժամանակ բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած 31 անձի, այդ թվում՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին, պաշտպանության նախարարի տեղակալ Սեյրան Օհանյանին, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովին և նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանին։
Ավելի վաղ` 2026 թ.-ի մայիսին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երևանյան բակերից մեկում նախընտրական քարոզարշավի ժամանակ սպառնալիքներ էր հնչեցրել մի շարք քաղաքական ընդդիմադիրների հասցեին` հայտարարելով «կզցնելու եմ»։
Ավելի ուշ` 2026 թ.-ի օգոստոսին, ԱԺ-ում իր ելույթի ժամանակ նա կրկին հայտարարել էր, որ «կզցնելու է» ընդդիմադիրներին։
«Ասել եմ՝«կզցնելու եմ», ուրեմն «կզցնելու եմ» բառիս դե-յուրե իմաստով», - նշել էր Փաշինյանը։

