Երևանում էլեկտրական ենթակայանի հրդեհի դեպքով քրվարույթ է նախաձեռնվել. ՔԿ

28.09.2026, 12:27
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Երևանում էլեկտրական ենթակայանի հրդեհի դեպքով քրվարույթ է նախաձեռնվել. ՔԿ

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երևանում՝ Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։

«Սեպտեմբերի 27-ին Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով (հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս)»,-նշվում է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Ըստ ՔԿ հաղորդագրության, ձևավորվել է քննչական խումբ, կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ:

Նշենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից տասնմեկ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Հրշեջ-փրկարարները ժամը 21:10-ին մարել են բռնկված հրդեհը։

Կարդացեք նաև. Ենթակայանում բռնկված հրդեհի պատճառով հոսանքազրկված գրեթե բոլոր հասցեներում վերականգնվել է էլեկտրամատակարարումը. ՀԷՑ