«Սխալ էր». Առաջին ալիքը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին Թաթայի համերգի ցուցադրման համար
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Առաջին ալիքը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում երգիչ Թաթա Սիմոնյանի համերգի ցուցադրման համար։
«Հարգելի՛ հեռուստադիտողներ, սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր, և մենք ամբողջությամբ ընդունում ենք դրա պատասխանատվությունը։
Մենք չենք փորձելու տեղի ունեցածն արդարացնել ծրագրային, տեխնիկական կամ աշխատանքային հանգամանքներով։
Ներողություն ենք խնդրում կատարվածի համար», - նշված է հաղորդագրության մեջ։
Առաջին ալիքից նաև նշել են, որ վերանայվում են համապատասխան աշխատանքային ընթացակարգերը՝ նման դեպքերի կրկնությունը բացառելու համար։
Ավելի վաղ Երգիչ Թաթա Սիմոնյանը նույնպես ներողություն էր խնդրել սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում իր համերգի ցուցադրման համար՝ նշելով, որ դա համարում է անթույլատրելի։
Նշենք, որ սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցին, Հանրային հեռուստաընկերության եթերում ցուցադրվել է Թաթա Սիմոնյանի համերգը։

