Կասեցվել է հայտնի կաթի և կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (Երևան, Նոր Նորք):
Տեսչական մարմնից հայտնում են, որ հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն անհամատեղելի են սննդամթերքի արտադրության հետ:
Մասնավորապես, արտադրամասի և պահեստային հատվածի պատերի, հատակի մակերևույթի որոշ հատվածներ պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, ունեցել են վնասված, անհարթ հատվածներ, իսկ առաստաղը եղել է վնասված, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, մասնիկների թափվելու վտանգը։
Բացի այդ, բացվող ներքին պատուհանը և օդահեռացման համակարգի կողային հատվածները չեն ունեցել պաշտպանիչ միջատապաշտպան ցանցեր, կոյուղու համակարգի մի հատված նախագծված չի եղել այնպես, որպեսզի բացառվի սննդամթերքի աղտոտման ռիսկը։
Սննդի կառույցն ապահովված չի եղել նաև անձնակազմի համար հանդերձարանով, իսկ սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման, կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և ունեցել են վնասված հատվածներ։
«Արզնի կաթնամթերք» ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ ու կաթի և կաթնամթերքի արտադրամասը համապատասխանեցնել իրավական ակտերով սահմանված նորմերին:
Խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը մեկնաբանություն ստանալու համար դիմել է «Արզնի կաթնամթերք» ընկերությանը։

