ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սեպտեմբերի 24-ին մերժել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից Եվրոպական Դատարանի կանոնների 39-րդ կանոնի հիման վրա միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ներկայացված պահանջը, հայտնում է «Արմենպրես»-ը։
Մասնավորապես, Գագիկ Խաչատրյանը դիմել էր ՄԻԵԴ խնդրելով ՄԻԵԴ-ին պարտավորեցնել ՀՀ կառավարությանը՝ վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը և որևէ կերպ չսահմանափակել նրա ազատությունը, դադարեցնել նրան պատգարակի վրա տեղափոխելու պրակտիկան, ապահովել նրա բժշկական օգնություն ստանալու իրավունքի արդյունավետ իրացումը, վերացնել նրա նկատմամբ կիրառված բացակայելու արգելքը և թույլ տալ բուժման նպատակով մեկնել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նշել են, որ ՄԻԵԴ-ը ներկայացված պահանջը կոմունիկացրել էր Հայաստանի կառավարությանը՝ կողմերին ուղղելով վերաբերելի հարցեր և հնարավորություն տալով ներկայացնել իրենց դիրքորոշումները։
«Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի և դիմումատուի կողմից ներկայացված պատասխանները ստանալուց հետո ՄԻԵԴ-ը որոշել է ամբողջությամբ մերժել միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ Գագիկ Խաչատրյանի պահանջը։ Այսպիսով, Դատարանի կանոնների 39-րդ կանոնի շրջանակներում ներկայացված պահանջների վերաբերյալ ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց կիրառելու անհրաժեշտություն չի տեսել»,-ընդգծել են գրասենյակից:
Գագիկ Խաչատրյանի քրեական գործի մասին
ՀՀ ֆինանսների նախկին նախարար, Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման մեղադրանքներով։ Նա ձերբակալվել է սեպտեմբերի 1-ին, իսկ հաջորդ օրը դատարանը նրա նկատմամբ երկամսյա կալանք է կիրառել։ Խաչատրյանի պաշտպանները հայտարարել են, որ նա առողջական ծանր խնդիրներ ունի և չի կարող գտնվել կալանքի տակ։ Դատական նիստերից մեկին նրան տեղափոխել են պատգարակով՝ բժիշկների ուղեկցությամբ։ Պաշտպանական կողմը ՄԻԵԴ էր դիմել՝ հրատապ միջոց կիրառելու պահանջով։

