«Արհեստական ճգնաժամ է ստեղծվում». Սուրբ Էջմիածինը Կառավարության զեկույցը որակել է Սահմանադրությանը և եկեղեցու կանոններին հակասող
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Հայաստանի կառավարության հրապարակած «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մասին այսպես կոչված զեկույցը» որակել է «իր բովանդակության և ձևի մեջ հակասահմանադրական է, հակականոնական և անօրինական»։
Հայաստանի վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը սեպտեմբերի 24-ին հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը, որը պատրաստվել է Հայաստանի կառավարության 2026–2031 թթ.-երի ծրագրի շրջանակում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ։
Սուրբ Էջմիածինը հայտարարել է, որ «պետական միջոցների մսխմամբ՝ սոցցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված մեղադրանքների ու հերյուրանքների հիման վրա շարադրված «զեկույցը» դրսևորումն է քաղաքական հաշվեհարդարի, քինախնդրության և Եկեղեցու ներքին կյանքին դատապարտելի միջամտության»։
ՀԱՍԵ-ին տեղին է համարում վերստին արձանագրել 2026թ․ փետրվարի 17-19-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում գումարված Եպիսկոպոսաց հավաքի որդեգրած դիրքորոշումը, համաձայն որի՝ Հայաստանի իշխանությունները պետք է.
-դադարեցնեն Եկեղեցու հանդեպ հալածանքները և հարգեն Եկեղեցու դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը՝ Եկեղեցի-պետություն հարաբերությունները խարսխելով փոխադարձ հարգանքի, իրավասությունների հստակ տարանջատման և ազգային շահի առաջնահերթության վրա,
- վերջ դնեն շինծու մեղադրանքներով ու զրպարտություններով եկեղեցականների ու ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ բռնաճնշումներին,
- գործեն բացառաբար ՀՀ Սահմանադրությամբ, օրենսդրությամբ և միջազգային օրենքներով և հավատարիմ մնան հռչակված ժողովրդավարական սկզբունքներին՝ երաշխավորելով երկրում խղճի, կրոնի և դավանանքի ազատությունը, պառակտման փոխարեն ապահովելով հասարակական համերաշխություն,
- առկա խնդիրներն ու հակառակությունները փարատեն երկխոսության ոգով, առանց նախապայմանների՝ զերծ մնալով անհեռանկար վերջնագրային խոսույթից։
«Ակնհայտ է, որ հենց ՀՀ իշխանությունների կողմից են ջանքեր գործադրվում արհեստական ճգնաժամ առաջ բերելու եկեղեցական կյանքում։ Անընդունելի է քաղաքական կամայական մոտեցումներով, մեքենայություններով ու պարտադրանքներով թելադրված բարենորոգման որևէ շարժում։ Հայոց Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման և բարեկարգության գործընթացներն իրականացվում են միմիայն եկեղեցական կանոնական բարձրագույն մարմինների որոշումներով», - ասված է հայտարարության մեջ։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարել է, որ Եկեղեցու տկարացման, եկեղեցականության հեղինակազրկման որդեգրված սույն դատապարտելի քաղաքականությունը երբեք չի կարող ծառայել հայրենիքի և աշխարհասփյուռ մեր ժողովրդի բարիքին, միասնականության ամրապնդմանը, առավել ևս արտաքին անվտանգային սպառնալիքների հանդիման՝ առկա փորձությունների դիմագրավմանը։
Փաշինյանի և ՀԱԵ–ի միջև հակամարտության մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարության միջև առճակատումը շարունակվում է արդեն ավելի քան երկու տարի՝ ներքաղաքական տարաձայնությունների և կառավարության քաղաքականության դեմ բողոքի ակցիաների ֆոնին:
Հակամարտությունը սրվեց 2024 թվականին, երբ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը գլխավորեց բողոքի շարժումը, որը հետագայում պահանջեց կառավարության ղեկավարի հրաժարականը:
2025 թվականին Փաշինյանը հանդես եկավ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի սուր քննադատությամբ և հայտարարեց նրա հեռանալու և Եկեղեցու կառավարման համակարգի բարեփոխման անհրաժեշտության մասին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իշխանությունների գործողությունները որակեցին որպես միջամտություն ՀԱԵ ներքին գործերին:
Առճակատումն ուժեղացավ մի շարք բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ հարուցված քրեական գործերի ֆոնին: Իշխանությունները հայտարարում էին, որ իրավապահ մարմինների գործողությունները կապված չեն կրոնական գործունեության հետ, մինչդեռ ՀԱԵ-ում տեղի ունեցողն անվանում էին ճնշում Եկեղեցու նկատմամբ:

