Հայաստանը վճռականորեն առաջ է մղում Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը. Փաշինյան

25.09.2026, 13:25
Թուրքիայի հետ մենք բարձր մակարդակի երկխոսություն ունենք, ասել է Փաշինյանը
Հայաստանը վճռականորեն առաջ է մղում Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանը վճռականորեն առաջ է մղում Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Թուրքիայի հետ մենք բարձր մակարդակի երկխոսություն ունենք», - ասել է Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ։

Խոսելով TRIPP նախագծի իրագործման և տարածաշրջանում երկաթուղիների կառուցման մասին՝ վարչապետն ընդգծել է, որ հայկական կողմը սպասում է նաև Հայաստան–Թուրքիա երկաթուղու բացմանը։

«Սա կարող է միջազգային լոգիստիկայի ոլորտի վերջին տասնամյակների կարևորագույն իրադարձություններից մեկը դառնալ, որովհետև այսպիսով՝ երկաթուղային նոր հաղորդակցություն կբացվի Չինաստանի, Կենտրոնական Ասիայի, Թուրքիայի և Եվրոպական միության միջև», - նշել է Փաշինյանը։

Նրա խոսքով` այս ամենը մեկ այլ շրջադարձային հնարավորություն է բացում միջազգային լոգիստիկայի համար, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև երկաթուղային կապի վերականգնումը՝ վերականգնում է նաև երկաթուղային հաղորդակցությունը Պարսից ծոցի և Սև ծովի միջև։

«Սա կարևոր նրբություն է, որովհետև ցույց է տալիս, թե ինչո՞ւ և ինչպե՞ս է TRIPP նախագծի իրագործումը մեծ օգուտներ խոստանում մեր տարածաշրջանի բոլոր երկրներին, և այս պոտենցիալ օգուտները կարող են երկարաժամկետ կայունության և խաղաղության անկյունաքար դառնալ, առավել ևս՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուրջ 35 ամյա կոնֆլիկտից հետո», - ասել է Փաշինյանը։

TRIPP նախագծի մասին

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծը նախատեսում է Հայաստանի տարածքում անխոչընդոտ մուլտիմոդալ տարանցիկ ենթակառուցվածքի ստեղծում՝ սեփական տարածքում նախագծի ենթակառուցվածքի նկատմամբ հանրապետության լիակատար ինքնիշխանության պահպանմամբ: Մասնավորապես, նախագիծը պետք է ապահովի տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, ինչպես նաև ընդլայնի տարածաշրջանային երթուղիները, որոնք Կենտրոնական Ասիան և Կասպից տարածաշրջանը կապում են Եվրոպայի հետ:

Հայաստանը և ԱՄՆ-ն 2026 թվականի հունիսին ստորագրել են շրջանակային համաձայնագիր TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին: Նախագծի իրականացման համար ստեղծվել է հայ-ամերիկյան համատեղ TRIPP Development Company ընկերությունը, որում ԱՄՆ-ի մասնաբաժինը կազմում է 74%, իսկ Հայաստանինը՝ 26%:

TRIPP-ը դիտարկվում է որպես ավելի լայն Անդրկասպյան առևտրային երթուղու մաս: Այս երթուղու երկայնքով մասնավոր ներդրումները խթանելու համար ԱՄՆ-ն մեկնարկել է Trans-Caspian Enterprise Fund-ը, որը կապիտալիզացվել է 201 մլն դոլարով՝ ամերիկյան կառավարության միջոցների հաշվին: