Կրակոցներ, գոռոցներ և վեճ՝ Երևանում․ հետախուզվողին հայտնաբերել են 3 ամիս անց (ՎԻԴԵՈ)

25.09.2026, 11:30
Դեռևս չպարզված առարկայով հարվածներ է հասցրել տուժողի գլխին․ հնչել են կրակոցներ․ ՎԻԴԵՈ
Կրակոցներ, գոռոցներ և վեճ՝ Երևանում․ հետախուզվողին հայտնաբերել են 3 ամիս անց (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկությունն իրացրին սեպտեմբերի 23-ին։

Ժամը 18․20-ին Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի տներից մեկում ոստիկանները հայտնաբերեցին և ձերբակալեցին խուլիգանության և առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողին։

Դեպքը տեղի էր ունեցել հունիսի 18-ին։ Հետախուզվողը՝ Երևանի 34-ամյա բնակիչը երկու այլ անձանց հետ գիշերվա ժամը 2-ին մեքենայով մեկնել էր մայրաքաղաքի Րաֆֆու փողոց։

Այստեղ վիճաբանություն էր տեղի ունեցել մեկ այլ անձի հետ, որի ընթացքում 34-ամյա տղամարդը դեռևս չպարզված առարկայով հարվածներ էր հասցրել նրա գլխին՝ առողջությանը պատճառելով ծանր վնաս։

Վիճաբանության ընթացքում հնչել էին հայհոյանքներ, գոռոցներ ու կրակոցներ, ինչից հետո 34-ամյա տղամարդն ու ընկերները դիմել էին փախուստի։

Նախաձեռնվել էր քրեական վարույթ, իսկ հուլիսի 2-ին 34-ամյա տղամարդու նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։ Նա ներկայացվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։ Նախաքննությունը շարունակվում է։