Կրակոցներ՝ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել են հրազեններից կրակված պարկուճներ, «բիտաներ», արնանման հետքեր
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, հերթական մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկան» է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Դավթաշենի խճուղուց դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունենում, որի ժամանակ հնչել են կրակոցներ։
Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր տեսակի հրազեններից կրակված պարկուճներ, գնդակ, «բիտաներ», արնանման հետքեր, կոտրած շշեր, քարեր։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են դեպքի հանգամանքները, ճշտվում է մասնակիցների ինքնությունը, ինչպես նաև ովքեր են կրակոցների հեղինակները։
Պարզվում է նաև՝ արդյոք միջադեպի հետ կապված հիվանդանոցային ահազանգեր եղել են, թե ոչ։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

