Հայաստանում մեկնարկել են գրիպի դեմ պատվաստումները․ ովքե՞ր և ինչպե՞ս կարող են օգտվել

23.09.2026, 14:25
Հայաստանում սեպտեմբերի 17-ից մեկնարկել է սեզոնային գրիպի դեմ պատվաստումների գործընթացը
Հայաստանում մեկնարկել են գրիպի դեմ պատվաստումները․ ովքե՞ր և ինչպե՞ս կարող են օգտվել

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում սեպտեմբերի 17-ից մեկնարկել է սեզոնային գրիպի դեմ պատվաստումների գործընթացը, և բոլոր պատվաստում իրականացնող բուժհաստատություններն արդեն ապահովված են անհրաժեշտ պաշարներով, հայտնել է ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանը։

ՀՎԿԱԿ իմունականխարգելման վարչության պետ Սվետլանա Գրիգորյանն էլ նշել է, որ գրիպի սեզոնի ակտիվ շրջանառությունը Հայաստանում սովորաբար գրանցվում է նոյեմբեր-դեկտեմբերին, ուստի այժմ պատվաստվելու հարմար ժամանակահատված է։

Ինչպե՞ս օգտվել պատվաստումից

ՀՎԿԱԿ փոխտնօրենը հայտնեց, որ համաճարակաբանական ցուցումով գրիպի դեմ պատվաստումն իրականացվում է անվճար՝ անկախ քաղաքացիությունից և կցագրման փաստից։

Երևանում պատվաստվել ցանկացողները կարող են օգտվել նաև շարժական պատվաստումային կետերից։ Ներկայում երեք նման կետ գործում է Վերնիսաժի այգու հատվածում, Հանրապետության հրապարակում և Գայի պողոտայի արձանի հարևանությամբ։

Շարժական կետերում իրականացվում են պատվաստումներ ոչ միայն գրիպի, այլև կորոնավիրուսային վարակի, կարմրուկի, կարմրախտի և մարդու պապիլոմավիրուսի դեմ։

Վերնիսաժի հատվածում գործող շարժական պատվաստումային կետը սեպտեմբերի 22-ից մինչև դեկտեմբերի 4-ը հասանելի է ժամը 10։00-ից 16։00-ն։

«Ծառայություններն իրականացվելու են Երևանի ենթակայությամբ գտնվող, ինչպես նաև մասնավոր պոլիկլինիկաների կողմից գործուղված պատվաստումային խմբերի միջոցով», - նշեց նա։

Ովքե՞ր են ռիսկի խմբում

ՀՎԿԱԿ իմունականխարգելման վարչության պետի խոսքով` սեզոնային գրիպի դեմ պատվաստումներն առաջին հերթին նախատեսված են ռիսկի խմբերի համար։

Դրանց թվում են 65 տարեկանից բարձր անձինք, հղիները, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները, սոցիալական խնամքի կենտրոնների շահառուներն ու սպասարկող անձնակազմը, բուժաշխատողները և զինծառայողները։

«Պատվաստումներն առաջնահերթ նախատեսված են ռիսկի խմբերի համար, սակայն այլ խմբերին պատկանող անձինք, որոնք ներառված չեն ռիսկի խմբերում, նույնպես կարող են դիմել և պատվաստվել։ Այդ առումով որևէ սահմանափակում չունենք»,– նշեց նա։

Պատվաստումները հասանելի են նաև հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց համար։ Այս դեպքում տվյալ անձի կցագրված բժշկական կազմակերպությունը կարող է պատվաստումը կազմակերպել տնային պայմաններում կամ կեցության վայրում։

Ինչո՞ւ է հիմա պատվաստվելու ժամանակը

Հայաստանում սուր շնչառական վարակների սեզոնը սկսվում է 40-րդ շաբաթից, որը համընկնում է հոկտեմբերի առաջին շաբաթին։ Միաժամանակ, գրիպի շրջանառությունն առավել ուշ է ակտիվանում՝ հիմնականում նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։

«Հետևաբար սա այն լուսավոր ժամանակահատվածն է, երբ պետք է պատրաստվել և արդեն սեզոնին ընդառաջ ունենալ պաշտպանվածություն հենց գրիպի դեմ»,– նշել է Սվետլանա Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ պատվաստումների հիմնական նպատակը հիվանդության ծանր ձևերի և մահվան դեպքերի կանխարգելումն է։

Ի՞նչ պատվաստանյութ է կիրառվում

ՀՎԿԱԿ փոխտնօրենի խոսքով՝ Հայաստանում ձեռք բերված և մատակարարված գրիպի դեմ պատվաստանյութը համապատասխանում է ԱՀԿ-ի որակավորման բոլոր պահանջներին։

«Եթե նախորդ տարի կիրառվել է քառավալենտ եվրոպական պատվաստանյութ, ապա այս տարի օգտագործվում է հարավկորեական արտադրության եռավալենտ պատվաստանյութ, որը նույնպես համապատասխանում է որակավորման բոլոր պահանջներին», - նշեց Գրիգորյանը։

Որո՞նք են հակացուցումները

Սեզոնային գրիպի դեմ պատվաստման հակացուցումները նույնն են, ինչ պատվաստումների դեպքում ընդհանուր առմամբ։

«Առաջին հերթին ժամանակավոր հակացուցում է ցանկացած սուր հիվանդությունը․ այդ դեպքում պատվաստումը հետաձգվում է մինչև ապաքինումը», - նշեց իմունականխարգելման վարչության պետը։

Հակացուցում կարող են լինել նաև նախորդ դեղաչափից հետո առաջացած ծանր ալերգիկ ռեակցիաները, ինչպես նաև քրոնիկ հիվանդությունների սրացումները։


Ի՞նչ անել գրիպից և այլ շնչառական վարակներից պաշտպանվելու համար

Մասնագետները, բացի պատվաստումից, խորհուրդ են տալիս հաճախակի լվանալ ձեռքերը, օդափոխել փակ տարածքները, հիվանդության դեպքում խուսափել այլ մարդկանց հետ շփումից և պահպանել սոցիալական հեռավորություն։

Կարևոր է նաև պահպանել հազի և փռշտոցի էթիկետը։

Վիտամինների և այլ պրեպարատների ընդունումը մասնագետները խորհուրդ են տալիս իրականացնել միայն բժշկի նշանակմամբ։

Ցանկացած սուր շնչառական վիրուսային վարակին բնորոշ ախտանշանների դեպքում խորհուրդ է տրվում դիմել բժշկի և խուսափել տնային բուժումից, քանի որ առանց համապատասխան գնահատման հնարավոր չէ իմանալ, թե որ վիրուսի հետ գործ ունենք։

Իսկ հակաբիոտիկների կիրառումը սուր շնչառական վարակների, այդ թվում՝ գրիպի դեպքում, անարդյունավետ է։ Դրանք պետք է օգտագործել միայն բժշկի նշանակմամբ։