Աղի լճի նախագիծը կփոխվի, լճի ներսում որևէ աշխատանք չի արվի. բնապահպան
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երևանի Աղի լճի բարեկարգման նախագծում արվելու է փոփոխություն և լճի էկոհամակարգը չի խախտվելու, հայտնել է բնապահպան-ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը։
Նա նշել է, որ լճի տարածք էին ժամանել Երևանի շինբարեկարգման պետը, Էրեբունու թաղապետը, բազմաթիվ այլ պաշտոնյաներ և տենդեռ շահած շինարարը։
«Լճի ներսում որևէ աշխատանք չի արվելու։ Լճի կողքի եղեգները չեն քանդվելու և մնալու են այնպես, ինչպես կան։ Լճի հարակից պատերը մնալու են այնպես ինչպես կան։Մյուս բոլոր բարեկարգումներին մարդիկ կողմ են և ի սկզբանե էլ կողմ էին», - գրել է Հայրումյանը Facebook-յան իր էջում։
Ավելի վաղ բնապահպանը հայտնել էր, որ Աղի լճի հարակից տարածքում ապրող բնակիչներն ահազանգում են լճի մոտ եղեգների քանդման մասին։ Ըստ բնակիչների՝ դրա հետևանքով կարող է վերանալ լճի բնական ֆիլտրը, և լիճը կարող է կորցնել իր հատկությունները։
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Ջուլիետա Ազարյանը նշել է, որ «Աղի լիճ» կոչվող տարածքը տասնամյակներ շարունակ գտնվել է բարձիթողի վիճակում՝ չարժանանալով պատշաճ խնամքի և բարեկարգման։ Նա նաև հայտնել էր, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացվում են լճից օգտվող քաղաքացիների և տեղի բնակիչների առաջարկով։
Ազարյանը նշել էր նաև, որ տարածքում իրականացվող աշխատանքների վերաբերյալ հանրության շրջանում շրջանառվող տեղեկությունների մի մասը չի համապատասխանում իրականությանը։

