Երևանի Աղի լճի եղեգները քանդո՞ւմ են, ի՞նչ է կատարվում տարածքում. քաղաքապետարանը պարզաբանում է
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երևանի Աղի լճի տարածքում իրականացվող բարեկարգման աշխատանքները անհանգստություն են առաջացրել բնակիչների շրջանում, քաղաքապետարանից մեկնաբանում են ստեղծված իրավիճակը։
Բնակիչների և բնապահպանի ահազանգը
Աղի լճի մոտակայքում ապրող բնակիչներն ահազանգում են, որ տարածքում քանդվում են լճի հարակից եղեգներն ու լճի բնական սահմանը։
«Ամբողջ այդ կողքի եղեգները, այդ պատը, ոնց ձևավորված է լիճը, քանդում են՝ պատճառաբանելով, որ Երևանի քաղաքապետարանը բարեկարգում է անում և այդտեղ հենապատեր են լինելու։ Բայց որևէ էկոլոգի հետ, տեղի մարդկանց հետ չեն խորհրդակցել»,- հայտնել է բնապահպան-ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը Facebook-յան իր էջում։
Նրա խոսքով՝ բնակիչներին մտահոգում է, որ եղեգների վերացման դեպքում կարող է վերանալ բնական ֆիլտրը, և լիճը կարող է կորցնել իր հատկությունը։
Ակտիիվիստի խոսքով` բնակիչները կոչ են անում այս պահին դադարեցնել աշխատանքները, լսել նրանց մտահոգությունները և փոխել նախագիծը։
Քաղաքապետարանի արձագանքը
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Ջուլիետա Ազարյանը նշել է, որ «Աղի լիճ» կոչվող տարածքը տասնամյակներ շարունակ գտնվել է բարձիթողի վիճակում՝ չարժանանալով պատշաճ խնամքի և բարեկարգման։
«Կարևոր է նաև արձանագրել, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացվում են լճից օգտվող քաղաքացիների և տեղի բնակիչների առաջարկով»,- գրել է Ազարյանը Facebook-յան իր էջում։
Նա անդրադարձել է նաև տարածքում «քանդման աշխատանքներ» իրականացնելու վերաբերյալ տարածվող տեղեկություններին և կոչ արել այս թեմայի շուրջ չտարածել չճշտված տեղեկություններ և հանրային քննարկումը կառուցել փաստերի ու ստույգ տեղեկատվության հիման վրա։
«Երեկվանից տարածվում է տեղեկություն այն մասին, որ «Աղի լիճ» կոչվող տարածքում շինարարական աշխատանքներ են մեկնարկել, իսկ որոշ հրապարակումներում դրանք ներկայացվում են նաև որպես «քանդման աշխատանքներ»։ Սա հանրության շրջանում առաջացրել է որոշակի անհանգստություն և մտահոգություն»,- նշել է Ազարյանը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ տարածքում իրականացվող աշխատանքների վերաբերյալ հանրության շրջանում շրջանառվող տեղեկությունների մի մասը չի համապատասխանում իրականությանը։
«Երևանի քաղաքապետարանը կարևորում է «Աղի լճի» տարածքի պահպանությունը, դրա բարեկարգումն ու հանրային շահի ապահովումը։ Աշխատանքների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը կներկայացվի ամբողջությամբ՝ հստակեցնելով, թե ինչ աշխատանքներ են իրականացվում, ինչ նպատակով և ինչ արդյունք է նախատեսվում ունենալ», - հայտնել է Ազարյանը։

