Շոգի նոր ալիք՝ Հայաստանում․ ջերմաստիճանը կհասնի +33․․․+34–ի․ Սուրենյան
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հարավից` Իրաքի շրջաններից ներթափանցող տաք օդի ներհոսքը կշարունակվի նաև սեպտեմբերի երրորդ տասնօրյակի ընթացքում, հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Այն իր զարգացման պիկին կհասնի սեպտեմբերի 23-24 ընկած ժամանակահատվածում։ Այդ օրերին հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով», - ասել է Սուրենյանը Facebook-յան իր էջում հրապարակած տեսանյութում։
Նրա խոսքով՝ սեպտեմբերի 24-ին Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում կգրանցվի 33-34 աստիճան տաքություն, որը սեպտեմբերի այդ օրերի համար բավականին բարձր ջերմաստիճան է։
«Սեպտեմբերի 24-ին հանրապետության մի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույն արժեքներին կամ կգերազանցի այն»,- նշել է Սուրենյանը։
Նա հայտնել է, որ սեպտեմբերի 25-26-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը մոտ 2-4 աստիճանով կնվազի, սակայն կշարունակի կլիմայական նորմայից բարձր մնալ։
Նրա խոսքով` առաջիկա 5 օրերին հանրապետության տարածքում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակը։ Բացառություն կկազմեն Շիրակը, Լոռին և Տավուշը, որտեղ սեպտեմբերի 22-ին, ինչպես նաև սեպտեմբերի 25-27-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։
Սուրենյանը նաև հիշեցրել է, որ սեպտեմբերի երկրորդ տասնօրյակում Հայաստանը հիմնականում գտնվել է հարավից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչի արդյունքում 10-օրյակի ընթացքում օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է եղել 2-3 աստիճանով։
«Սեպտեմբերի 2-րդ տասնօրյակում Հայաստանը հիմնականում գտնվում էր հարավից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչի արդյունքում 10 – օրյակի ընթացքում օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է եղել 2–ից 3 աստիճանով», – նշել է նա։

