Վերին Լարսի երթևեկությունը դադարեցվել է անվտանգության համակարգի տագնապի ազդանշանի պատճառով
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Վրաստանի և Ռուսաստանի միջև ավտոհաղորդակցությունը «Վերին Լարս - Դարիալ» անցակետով ուրբաթ առավոտյան կասեցվել է Դևդորակի կիրճում տեղադրված անվտանգության համակարգի տագնապի ազդանշանի պատճառով, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ-ին:
Գերատեսչության տվյալներով՝ տագնապի ազդանշանը ստացվել է վաղ նախազգուշացման համակարգից, որը հետևում է գետի հունի փոփոխություններին ջրի մակարդակի նվազագույն բարձրացման դեպքում:
««Դարիալի» սահմանային կետում գտնվող քաղաքացիները, ինչպես նաև ոստիկանության, սահմանապահ ոստիկանության և մասնավոր ընկերության աշխատակիցները տարհանվել են անվտանգ վայր: Միաժամանակ, կանխարգելիչ նպատակներով ժամանակավորապես սահմանափակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը երկու ուղղություններով»,- հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն:
Դևդորակի կիրճում նմանատիպ տագնապի ազդանշան ստացվել էր մի քանի շաբաթ առաջ, այն ժամանակ երթևեկությունը դադարեցվել էր մի քանի ժամով:

