Երկիրը ծածկել է աշնան առաջին մագնիսական փոթորիկը. գիտնականների գնահատմամբ, հնարավոր է այն ուժեղանա
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր սկսվել է աշնան առաջին մագնիսական փոթորիկը Երկրի վրա, հայտնել է ՌԳԱ Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի և ՌԳԱ Սիբիրյան բաժանմունքի Արևա-երկրային ֆիզիկայի ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիան:
Լաբորատորիայի տվյալներով՝ փոթորիկը սկսվել է մի քանի ժամ առաջ և այս պահին թույլ է ու դասվում է առաջին կատեգորիային հինգ բալանոց սանդղակով:
Արևից պլազման Երկիր էր հասել դեռևս սեպտեմբերի 7-ին՝ օրվա կեսին, և առաջացրել տևական գեոմագնիսական տատանումներ, որոնք հաղորդագրության պահին շարունակվում էին արդեն մոտ մեկ օր: Սեպտեմբերի 8-ին գերազանցվել է մագնիսական փոթորկի շեմը:
Գիտնականների կանխատեսման համաձայն՝ գեոմագնիսական իրավիճակի կայունացումը հնարավոր է ոչ շուտ, քան երկու օրից: Այս ժամանակահատվածում հնարավոր են երկրորդ մակարդակի փոթորիկներ՝ միջին, իսկ փոքր հավանականությամբ՝ երրորդ մակարդակի, այսինքն՝ ուժեղ:
Նախօրեին լաբորատորիան հայտնել էր արևային պլազմայի բազմաթիվ արտանետումների մասին: Գիտնականների հաշվարկներով՝ երկու կամ երեք պլազմային ամպեր պետք է ազդեին Երկրի վրա սեպտեմբերի 8–9-ի ընթացքում՝ առաջացնելով տևական գեոմագնիսական տատանումներ։

