Անտարկտիդայի սառցադաշտերի հալոցքը սնդիկով աղտոտման նոր վտանգ է առաջացնում. Լևոն Ազիզյան

28.08.2026, 10:04
Սա լուրջ մտահոգություն է առաջացնում, քանի որ սնդիկը կարող է ներթափանցել Հարավային օվկիանոսի սննդային շղթաներ և հետագայում տարածվել ամբողջ էկոհամակարգում, գրել է Ազիզյանը

Անտարկտիդայի սառցադաշտերի հալոցքը սնդիկով աղտոտման նոր վտանգ է առաջացնում. Լևոն Ազիզյան

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․  Անտարկտիդայում սառույցների աստիճանական հալոցքի հետևանքով տարածաշրջանը սնդիկի «պահեստարանից» վերածվում է շրջակա միջավայրի աղտոտման ակտիվ աղբյուրի։

Այս մասին տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Ըստ ներկայացված տվյալների՝ արդյունաբերականացման ժամանակաշրջանից ի վեր Անտարկտիկական թերակղզու սառցադաշտերից սնդիկի արտազատումն աճել է շուրջ 5,5 անգամ, իսկ ծովային նստվածքներում դրա կուտակման արագությունը նախաարդյունաբերական շրջանի համեմատ ավելացել է 160%-ով։

Սառցադաշտերի հալոցքի հետևանքով տասնամյակներ շարունակ սառույցի և հողի մեջ «փակված» սնդիկը հալոցքային ջրերի միջոցով կրկին հայտնվում է շրջակա միջավայրում։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ հատակային նստվածքներում հայտնաբերված սնդիկի մոտ 56%-ն ունի մթնոլորտային ծագում, իսկ մնացած մասը կապված է սառույցների հալոցքի և էրոզիոն գործընթացների հետ։

Միևնույն ժամանակ, սառույցից ազատ օվկիանոսի մակերեսի ընդլայնման հետևանքով մթնոլորտի և օվկիանոսի միջև սնդիկի փոխանակումն աճել է շուրջ 350%-ով։

«Սա լուրջ մտահոգություն է առաջացնում, քանի որ սնդիկը կարող է ներթափանցել Հարավային օվկիանոսի սննդային շղթաներ, կուտակվել ծովային օրգանիզմներում և հետագայում տարածվել ամբողջ էկոհամակարգում»,-Facebook-ի իր էջում գրել է Ազիզյանը։

 

Կարդացեք նաև. Չինաստանում թայֆունի պատճառով էվակուացրել են 54 հազար բնակչի