P. Diddy-ին կարող է մեղադրանք առաջադրվել ռեփեր Թուփաքի սպանության գործով. The Daily Telegraph

20.08.2026, 20:52
Ամերիկացի պրոդյուսեր Շոն Ջոն Քոմբսին՝ «P. Diddy»-ին, կարող են մեղադրանք առաջադրել ամերիկացի ռեփեր Թուփաք Շաքուրի 1996 թվականի սպանության գործով
P. Diddy-ին կարող է մեղադրանք առաջադրվել ռեփեր Թուփաքի սպանության գործով. The Daily Telegraph

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/. Ամերիկացի պրոդյուսեր Շոն Ջոն Քոմբսին՝ «P. Diddy»-ին, կարող են մեղադրանք առաջադրել ամերիկացի ռեփեր Թուփաք Շաքուրի 1996 թվականի սպանության գործով, հայտնում է The Daily Telegraph-ը։

Շաքուրը սպանվել է 1996 թվականի սեպտեմբերի 7-ին Լաս Վեգասում, երբ անհայտ անձինք կրակ էին բացել նրա ավտոմեքենայի ուղղությամբ։ Շաքուրը մահացել էր ստացած վնասվածքներից միջադեպից վեց օր անց` սեպտեմբերի 13-ին։

Գործով մեղադրվում է Դուեյն Քիթ Դևիսը, որին մեղադրանք է առաջադրվել սպանությունը կազմակերպելու համար։ Դևիսը իրեն մեղավոր չի ճանաչում։ Դատախազությունը պնդում է, որ նա կազմակերպել է հարձակումը՝ վրեժխնդիր լինելու համար իր զարմիկ Օռլանդո Անդերսոնի և Շաքուրի շրջապատի միջև տեղի ունեցած ծեծկռտուքից հետո։

Հրապարակման համաձայն՝ Քոմբսի անունը գործում հայտնվել է Դևիսի նախկին հայտարարությունների պատճառով։ Դևիսը նախկինում պնդել է, որ Քոմբսը ցանկացել է հաշվեհարդար տեսնել Շաքուրի և Նայթի նկատմամբ։ Քոմբսը բազմիցս հերքել է իր մասնակցությունը Շաքուրի սպանությանը։ Նրան այս գործով մինչ այժմ մեղադրանք չի առաջադրվել։

Պարբերականի տեղեկություններով՝ Քոմբսի նկատմամբ մեղադրանք կարող է առաջադրվել, եթե դատախազությանը հաջողվի ապացուցել Դևիսի մասնակցությունը «South Side Compton Crips» հանցավոր խմբավորմանը Շաքուրի սպանության կազմակերպելիս։