Զինվորները հակագազերով չեն վազել․ ՊՆ-ն և ՔԿ-ն հերքել են ԶԼՄ-երում շրջանառվող տեղեկությունը

20.08.2026, 18:09
ՀՀ ՊՆ -ն և Քննչական կոմիտեն համատեղ հայտարարություն են տարածել՝ հերքելով ԶԼՄ-երում շրջանառվող տեղեկատվությունը կապված նախօրեին Ճամբարակում զինծառայողների մասնակցությամբ տեղի ունեցած դժբախտ պատահարի հետ
Զինվորները հակագազերով չեն վազել․ ՊՆ-ն և ՔԿ-ն հերքել են ԶԼՄ-երում շրջանառվող տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ ՊՆ -ն և Քննչական կոմիտեն համատեղ հայտարարություն են տարածել՝ հերքելով ԶԼՄ-երում շրջանառվող տեղեկատվությունը կապված նախօրեին Ճամբարակում զինծառայողների մասնակցությամբ տեղի ունեցած դժբախտ պատահարի հետ։

Օգոստոսի 19-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Ճամբարակ քաղաք տանող ավտոճանապարհին, դեռևս չպարզված հանգամանքներում, քաղաքացու վարած «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը՝ զինծառայող Սուրեն Մամբրեի Վարդանյանը, մահացել է, կան նաև վիրավորներ։

«Ճամբարակում տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքների վերաբերյալ մամուլում և սոցիալական ցանցերում տարատեսակ տեղեկություններ են շրջանառվում, չնայած որ դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ»,-նշվում է ՊՆ մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։

Ըստ ՊՆ հաղորդագրության, ՀՀ քննչական կոմիտեի գործընկերների հետ համատեղ քննարկման արդյունքում ՊՆ-ն հարկ է համարել արձագանքել դրանցից մեկին։

«Լուրերը, թե զինվորները վազել են հակագազերով, չեն համապատասխանում իրականությանը»,-նշվել է ՊՆ-ի և ՔԿ-ի համատեղ հայտարարության տեքստում։

Նշենք, որ օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական վարույթի շրջանակում տրանսպորտային միջոցի վարորդը ձերբակալվել է:

 Կարդացեք նաև. ՊՆ-ն ներկայացրել է Ճամբարակի վրաերթից տուժած զինծառայողների առողջական վիճակը