Նորանշանակ փոխնախարարը՝ սկանդալի կենտրոնում․ անգլերեն բառերի օգտագործումը մեծ քննարկումների առիթ է դարձել (ՎԻԴԵՈ)

17.08.2026, 11:44
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Տաթև Ասլանյանը պաշտոնում նշանակվելուց օրեր անց հայտնվել է սկանդալի կենտրոնում․ ՎԻԴԵՈ
Նորանշանակ փոխնախարարը՝ սկանդալի կենտրոնում․ անգլերեն բառերի օգտագործումը մեծ քննարկումների առիթ է դարձել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Տաթև Ասլանյանը պաշտոնում նշանակվելուց օրեր անց հայտնվել է սկանդալի կենտրոնում։

Քննարկումների առիթը դարձել է Ասլանյանի՝ հանրային ելույթներում անգլերեն բառերի և արտահայտությունների հաճախակի կիրառումը։

Որոշ քաղաքացիներ նկատում են, որ նման ձևակերպումները կարող են դժվարացնել խոսքի ընկալումը հատկապես ավելի բարձր տարիքային խմբերի համար, որոնք կարող են բավարար չափով չտիրապետել անգլերենին։ Բացի այդ, քաղաքացիներն ընդգծում են, որ Հայաստանում պետական լեզուն հայերենն է։



Նշենք, որ Տաթև Ասլանյանը պաշտոնում նշանակվել է օգոստոսի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ աշխարհի առաջատար 200 համալսարանների շրջանավարտներին ՀՀ կառավարության կադրային բանկում ընդգրկելու և բարձր պաշտոնների նշանակելու որոշման շրջանակում։

Ասլանյանը սովորել է Նիդերլանդների Տիլբուրգի համալսարանում և ստացել «Էկոնոմետրիկա և գործառնությունների հետազոտություն» ուղղությամբ բակալավրի աստիճան, այնուհետև մագիստրոսի աստիճան` Նիդերլանդների Էրազմուսի Ռոտերդամի համալսարանում՝ «Էկոնոմետրիկա և կառավարման գիտություն» մասնագիտությամբ։




  Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր Հայաստանի կառավարության կադրային բանկի ձևավորման մասին։ Վարչապետը հայտնել էր, որ ստացվել է 1141 հայտ։ Դիմումների ուսումնասիրության և նախնական ընտրության արդյունքում 459 թեկնածու կամ դիմորդների շուրջ 40 տոկոսը անցել է երկրորդ փուլ։ Թեկնածուների միջին տարիքը 34 է։ Նրա խոսքով, հարցազրույցների և մասնագիտական գնահատման արդյունքների հիման վրա ձևավորվող կադրային բանկում ընդգրկված թեկնածուների կրթությունը, աշխատանքային փորձն ու մասնագիտական հմտությունները կհամադրվեն պետական կառավարման համակարգի կոնկրետ կարիքների հետ։