Ինչու է Աստվածածնի Վերափոխման տոնը կոչվում նաև Խաղողօրհնեք. այսօր Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն է կամ Խաղողօրհնեքը
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Սբ. Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:
Ավանդության համաձայն՝ Ս. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում՝ Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո։
Շուրջ 12 տարի Աստվածամայրը պահքով այցելել է իր սիրասուն Որդու գերեզմանն ու անդադար աղոթել։ Այդ այցելություններից մեկի ժամանակ էլ նրան է հայտնվել Գաբրիել հրեշտակապետն ու ավետել Տիրամոր՝ երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը։
Ապա 14 օր անց կրկին եկավ Գաբրիել հրեշտակապետը և Տիրուհուն ավետեց Աստծո մոտ փոխվելու մասին, ինչից բերկրեց Մարիամ, և զվարճացավ նրա հոգին։ Նա շրջում էր բոլոր տնօրինական վայրերում ու աղոթում։
12 օր անց եկավ Գաբրիելը և դարձյալ ասաց, որ նրան կանչում է Արարիչը։ Գաբրիելը նրան տվեց բրաբիոնի մի պսակ, որը հյուսել ու բերել էր Ադամի դրախտից, և այն դրեց սուրբ Աստվածածնի գլխին, որպեսզի առաքյալները և իմաստուն սուրբ կույսերը օրհնեն Աստծուն։ Սուրբ Մարիամը մատնանշեց իր հանգստյան տեղը՝ Գեթսեմանիի պարտեզում։
Հովհաննեսը վերցրեց մի տախտակ ու տվեց Տիրամորը՝ խնդրելով, որ նա իր պատկերը դրոշմի վրան: Տիրամայրը վերցրեց տախտակը, խաչակնքեց ու դրեց երեսին, թրջեց արցունքներով և Աստծուց խնդրեց, որ այդ պատկերի միջոցով մարդիկ կարողանան բժշկվել իրենց մեղքերից և հիվանդություններից:
Ինչո՞ւ է Աստվածածնի վերափոխման տոնը կոչվում նաև խաղողօրհնեք
Սուրբ Պատարագից հետո օրհնվում է խաղողը, այնուհետև ողկույզները բաժանվում են ժողովրդին: Պտուղներից հենց խաղողն է օրհնվում, քանզի Տերը խաղողի որթը բոլոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ Ինքն Իրեն խաղողի որթ անվանելով:
Տոնը նշվում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը (օգոստոսի 12-ից 18-ը)։ Տոնն ունի շաբաթապահք, նավակատիք և մեռելոց։ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի օրը բոլոր եկեղեցիներում Պատարագ է մատուցվում։
Վերափոխման տոնի օրը՝ Ս. Պատարագից հետո, կատարվում է խաղողօրհնության կարգ և ապա օրհնված ողկույզները բաժանում ժողովրդին: Խաղողօրհնեք Դրախտից արտաքսվելուց հետո քանի որ մարդը իշխան էր կարգված ամբողջ երկրի վրա, ուստի նրա անիծվելով՝ անիծվում է նաև նրա ամբողջ իշխանությունը, այսինքն՝ ամբողջ երկիրը՝ իր կենդանիներով ու բույսերով հանդերձ:
Իսկ երբ, Միածին Որդու գալստյամբ, կրկին օրհնվում է մարդկային բնությունը, ապա վերստին օրհնվում են նաև բոլոր զգալի արարածները: Սակայն բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը, ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ Իրեն Խաղողի որթ անվանելով՝ ըստ այս խոսքի. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. ԺԵ 1):
Իսկ Տիրոջը սիրով կապվածներին ճյուղեր անվանեց և Հորը՝ Մշակ, որպեսզի Հայրը էտելով որթատունկը՝ այն պտղաբեր անի արդարության գործում, իսկ էտված ճյուղերը հավիտենական կրակի նյութ դարձնի:
Այնուհետև գինին՝ խաղողի արյունը, Միածին Որդին Իր փրկական Արյան նյութն արեց և Վերնատանը Իր ձեռքերի մեջ վերցնելով՝ օրհնեց՝ ասելով. «Սա է Նոր ուխտի Իմ Արյունը» (Մատթ. ԻԶ 28), որով մենք գնվեցինք ու ազատվեցինք մեղքերի ծառայությունից ու մահից:
Այդպիսով խաղողը կրկնակի օրհնության արժանացավ՝ օրհնվելով և առաջին արարչության ժամանակ, և երկրորդ, որը և ամեն տարի որպես մեր հանդերի ու այգիների երախայրիք նվիրում ենք Աստծուն, ինչպես հնում էր ընդունված, որպեսզի այդ մասնավոր ընծայով բոլոր պտուղները օրհնություն ընդունեն:
Այդ պատճառով էլ սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին, պատարագից հետո, կատարվում է Խաղողօրհնեքի արարողությունը, որի ժամանակ սարկավագի քարոզով գոհանում ենք բարերար Աստծուց, մեզ առատապես պարգևած՝ հանդերի ու այգիների բերքի համար և խնդրում, որպեսզի Նա օրհնի տաճարին ընծայված խաղողի այս պտուղներն Իր սկզբնական օրհնությամբ և շնորհի մեզ որպես գինի ուրախության և կերակուր առողջության՝ հոգու և մարմնի:

