Հայտնի է Կիևյան կամրջով երթևեկի վերականգնման ամսաթիվը
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/. Օգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումները, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Նաև նշվում է, որ Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի աշխատանքների ավարտով պայմանավորված՝ տրոլեյբուսային Տ5 երթուղին օգոստոսի 14-ից կվերադառնա իր հիմնական երթուղուն։
Քաղաքապետարանից հայտնում են, որ կամրջի հիմնանորոգման շրջանակում տեղադրվել է ասֆալտբետոնե վերին շերտը, ասֆալտապատվել են երկու կողմերի մայթերը, տեղադրվել են նոր, ցինկապատ արգելափակոցները, վերականգնվել և ներդրվել են ջրահեռացման և ջրամեկուսացման համակարգեր, վերականգնվել են դեֆորմացիոն կարերը, ինչպես նաև լուսավորության սյուներից էլեկտրական մալուխներն ապամոնտաժվել և տեղափոխվել են մայթի տակ գտնվող դիտահորեր։
Երթևեկելի հատվածի բացումից հետո կշարունակվեն կամրջի վերականգնման մնացած աշխատանքները։

