Ինչու են փոխվում Հայաստանում 3 նախարարությունների անունները

12.08.2026, 15:41
Ոլորտների ներկայացուցիչներն անդրադարձել են նոր կառուցվածքային փոփոխությունների նպատակներին ու սպասվող արդյունքներին
Ինչու են փոխվում Հայաստանում  3 նախարարությունների անունները

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ կառավարությունը խորհրդարան կներկայացնի օրենքի նախագիծ, որով առաջարկվում է փոխել երեք գերատեսչության անվանում: Ոլորտների ներկայացուցիչները «Լուրեր»-ին տված հարցազրույցում անդրադարձել են նոր կառուցվածքային փոփոխությունների նպատակներին ու սպասվող արդյունքներին։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն

ԱՍՀ նախարարի խորհրդական Ռոզա Բաբայանը նշեց, որ այս գաղափարական անցման հեղինակը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն էր, որը բոլոր խորհրդակցությունների ժամանակ մատնանշում էր, որ գերատեսչությունը պարզապես խնդիրներ լուծող կառույց չէ։

«Մենք պետք է հասկանանք` ինչպես ենք կարողանում վերափոխենք և քաղաքականություններն ուղղորդենք այնպես, որպեսզի մարդկանց համար հնարավորություններ ստեղծենք», - ասաց Բաբայանը։

Նրա խոսքով՝ իրականացվող բոլոր քաղաքականությունները միտված են բարեկեցության ապահովմանը, և այս փոփոխությունը ստեղծում է նոր արժեքային համակարգ և վերափոխում է նախարարության մոտեցումը այս խնդիրների լուծմանը։

«Այսինքն` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դառնում է ոչ թե խնդիրներին արձագանքող, այլև հնարավորություններ ստեղծող կառույց` իր ամբողջ ռազմավարական ծրագրերի իրականացումով», - նշեց խորհրդականը։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը` Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն

ԲՏԱ նախախարի առաջին տեղակալի պարտականությունները կատարող Գևորգ Մանթաշյանի պարզաբանմամբ՝ արհեստական բանականության ներառումը նախարարության անվանման մեջ ցույց է տալիս դրա կարևորությունը։

Նրա խոսքով՝ նման կարևոր տեխնոլոգիայի առկայությունը, որն ընդգրկում է կյանքի բոլոր ոլորտներն ու ներգրավված է գրեթե բոլոր ինդուստրիաներում, կարող է ունենալ օգնող և աքսելերատիվ դեր։

«Վերջին շրջանում տեսնում ենք, որ արհեստական բանականության և կիսահաղորդիչների և տվյալ ենթակառուցվածքների ուղղությամբ գլոբալ մրցակցությունը էլ ավելի է կարևորվում։ Գլոբալ մրցակցության մեջ նման տեսքով, իսկ անվանումը նաև մեր տեսքի մի մասն է, մեզ լրացուցիչ ուժ հաղորդի, որպեսզի մենք մեր աշխատանքները ավելի արդյունավետ կարողանանք կազմակերպել», - նշեց Մանթաշյանը։

Արտաքին գործերի նախարարությունը՝ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն

ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը նշեց, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների կողմից խաղաղության գագաթնաժողովից հետո Հայաստանը արտաքին քաղաքականության ոլորտում նոր հնարավորություններ է ձեռք բերել ոչ միայն տարածաշրջանում, այլև ավելի լայն աշխարհագրությամբ փոխգործակցություններ ստեղծելու համար։

«Այս կոմպոնենտով մեր արտաքին քաղաքականության ոլորտում ավելի մեծացավ տնտեսական կոմպոնենտը, որը հեռանկարում կբերի ՀՀ բարեկեցության աճի մակարդակի բարձրացմանը», - ասաց Կարապետյանը։

Նրա խոսքով՝ երկկողմ հարաբերություններում ավելի կշեշտադրվի տնտեսական կոմպոնենտը, և Հայաստանը կսկսի նոր շուկաներ և նոր ուղիներ փնտրել։

Կարդացեք նաև. Գործող Սահմանադրությունով ՀՀ-ին միշտ հնարավոր կլինի ներքաշել ինչ-որ կոնֆլիկտի մեջ, ու վտանգի տակ դնել ՀՀ պետականությունը. ՔՊ-ական պատգամավոր