Հայաստանը շահագրգռված է արաբական պետությունների հետ կապերի խորացմանն ուղղված նախաձեռնությունների առաջմղմամբ. Փաշինյան

11.08.2026, 16:34
Փաշինյանն ընդունել է արաբական երկրների դեսպաններին․ քննարկվել են TRIPP նախագիծն ու COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Հայաստանը շահագրգռված է արաբական պետությունների հետ կապերի խորացմանն ուղղված նախաձեռնությունների առաջմղմամբ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված արաբական պետությունների արտակարգ և լիազոր դեսպաններին, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Վարչապետը կարևորել է արաբական պետությունների հետ հարաբերությունների զարգացումն ու համագործակցության խորացումը՝ ընդգծելով, որ Հայաստանի և արաբական երկրների միջև ձևավորված են պատմական և մշակութային ամուր կապեր։ Նա նշել է, որ ՀՀ Կառավարությունը շահագրգիռ է քաղաքական, դիվանագիտական և տնտեսական կապերի խորացման ուղղությամբ նոր նախաձեռնությունների առաջմղմամբ։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված ջանքերին։ Այդ համատեքստում զրուցակիցները շեշտել են Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության կարևորությունը։

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանն ուղղված քայլերի, այդ թվում՝ TRIPP նախագծի կյանքի կոչման շուրջ։

Անդրադարձ է կատարվել նաև այս տարվա հոկտեմբերին Հայաստանում անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17)։ Վարչապետը կարևորել է արաբական պետությունների պատվիրակությունների ակտիվ մասնակցությունը նախատեսվող միջոցառումներին։

Դեսպանները շնորհակալություն են հայտնել նման ձևաչափով հանդիպում կազմակերպելու համար՝ ընդգծելով, որ այն կնպաստի արդյունավետ երկխոսությանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկմանը։