Զգացի, որ ձեն ա գալիս, մի պահ ուզում էի ոտքով խփեի, թու-թու-թու չխփեցի․ նորածնին հայտնաբերած քաղաքացին մանրամասներ է պատմել
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին Երևանի Հալաբյան փողոցում թիթեղների տակ նորածին երեխային հայտնաբերած քաղաքացին՝ Նարեկ Պետրոսյանը, մանրամասներ է պատմել միջադեպից, հայտնում է News.am-ը։
«Ժամը 20։40-ին արդեն երեխային վերցրել եմ գետնի վրայից։ Մեր բնակիչներից մարդ կար, մոտեցավ, ասեց՝ ձեն ա գալիս, ոնց որ շուն է կամ երեխայի ձայն է գալիս։ Ասի՝ գնանք, նայենք։ Հենց տեղում անմիջապես զգացի, որ ձեն ա գալիս, մի պահ ուզում էի ոտքով խփեի, թու-թու-թու չխփեցի, կռացա, ադյալը բացեցի, տեսնեմ երեխա է։ Գրկել եմ անմիջապես ու զանգել եմ շտապ օգնություն»,– պատմում է Նարեկը։
Նա այսօր եկել էր տեսակցելու փոքրիկին և հուզված էր։
«Մարդ, որ իր կյանքում երեխա է գտնում, դա ոնց որ բախտի բան է։ Ես իմ սեփական երեխան ունեմ, իրենով ապրում եմ, բայց այս երեխային ես մինչև կյանքիս վերջ տիրություն եմ անելու», - նշեց նա։
Նարեկը հույս հայտնեց, որ չեն մերժի երեխային կոչել իր որոշած անունով՝ ընդգծելով, որ այս պահին դեռ կոնկրետ անուն չի որոշել։
Նա նաև անդրադարձավ սոցցանցերում քաղաքացիների ակտիվությանը, որոնք հայտարարում են, որ պատրաստ են պահել երեխային։
«Գիտեն, թե երեխան խաղալիք է, պետք է տան մեկին պահի։ Բայց չգիտեն, որ երեխան հաստատ գնալու է մանկատուն այստեղից հետո, հետագայում ցույց կտա, թե ինչ ընտանիքում կմեծանա», - ասաց Նարեկը։
Նա նշեց, որ երեխայի մորը չի ճանաչում, սակայն ընդգծեց, որ
նրան այնպիսի տեղ էին դրել, որտեղ երեխաները խաղում են, բնակչություն է լինում, այսինքն այնպես էր դրված, որ երեխան գտնվի։
«Ոնց որ բժիշկն է ասում, ես էլ եմ ասում, որ այդ երեխան իրոք ծնված է եղել երեկ։ Վրայից արյան հոտը գալիս էր», - նշեց նա։
Հիշեցնենք, որ երեկ ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա կա։
Ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ նորածինն արագ տեղափոխվել էր բժշկական կենտրոն։
Այսօր Առողջապահության նախարարությունից «Նովոստի-Արմենիա»-ին հայտնել են, որ նորածնի կյանքին վտանգ չի սպառնում։ Նրա առողջական վիճակը կայուն է։ CPAP- սարքի միջոցով է շնչում։ Կյանքին սպառնացող վիճակ այս պահին չկա։

