ՀՀ պետական սահմանը ապօրինի հատել է բացառապես մեկ անձ․ ԱԱԾ

02.10.2026, 21:43
ՀՀ պետական սահմանը ապօրինի հատել է բացառապես մեկ անձ՝ Ն. Մուսաևը, ով ներկայումս նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կալանավորվել է
ՀՀ պետական սահմանը ապօրինի հատել է բացառապես մեկ անձ․ ԱԱԾ

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ պետական սահմանը ապօրինի հատել է բացառապես մեկ անձ՝ Ն. Մուսաևը, ով ներկայումս նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կալանավորվել է, հայտնում են ԱԱԾ–ից։

«Նկատի ունենալով, որ սույն թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում Ադրբեջանի Հանրապետության զինծառայող Ն. Մուսաևի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ տարբեր սոցհարթակներով, լրատվամիջոցներով և այլ հանրային հարթակներով տարածվում են իրականությանը չհամապատասխանող լուրեր, հարկ ենք համարում կրկին պարզաբանել, որ ՀՀ պետական սահմանը ապօրինի հատել է բացառապես մեկ անձ՝ Ն. Մուսաևը, ով ներկայումս նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կալանավորվել է դատարանի որոշմամբ», – նշվում է հաղորդագրության մեջԼ

ԱԱԾ–ից նշում են, որ մյուս բոլոր տեղեկությունները, որ եղել են մեկից ավելի անձինք, դիվերսանտներ և մինչ այժմ իրավապահ մարմինների կողմից տարվում են որոնողական աշխատանքներ, բացարձակ անհիմն են և չեն համապատասխանում իրականությանը:

«Հանրությանը հորդորում ենք հետևել պաշտոնական հաղորդագրություններին», – նշվում է ԱԱԾ–ի հաղորդագրության մեջ։

Սյունիքում միջադեպի մասին

ՀՀ դատախազությունը հայտնել է, որ Ադրբեջանի քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևը հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, ապօրինի մուտք է գործել Շաքիի 6-րդ փողոցի 20-րդ տուն և հայտնաբերվելուց հետո կրակոցներ արձակել։ Դրա հետևանքով վիրավորվել է 1987 թվականին ծնված Ա.Ա.-ն։ Մուսաևը դիմել է փախուստի, սակայն նույն օրը՝ ժամը 15։30-ին, հայտնաբերվել և ձերբակալվել է։

ՀՀ դատախազությունից հայտնել են նաև, որ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14:17-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության 112 ՕԿԿ Սյունիքի բաժանմունքում ահազանգ է ստացվել քաղաքացուց այն մասին, որ իրենց տուն մարդ է մտել, զենքով կրակել է մայրիկի ոտքին:
Դատախազությունից հայտնել են նաև, որ վիրավորված քաղաքացու երկու երեխաները՝ 2011 և 2014 թվականներին ծնված, մարմնական վնասվածքներով դիմել են Սիսիանի բժշկական կենտրոն։ 2014 թվականին ծնված երեխայի մոտ առկա է եղել փափուկ հյուսվածքների սալջարդ, իսկ 2011 թվականին ծնված երեխայի մոտ առկա է եղել աջ դաստակի կոտրվածք։

Հինգ հոդվածով ՀՀ Գլխավոր դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Սյունիքում կնոջը վիրավորում հասցրած ադրբեջանցու նկատմամբ։

Մասնավորապես, քրեական հետապնդումը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 1-ին մասով, (Պետական սահմանն ապօրինի հատելը) 340-րդ հոդվածի 1-ին մասով, (հրազենի մաքսանենգությունը) 335-րդ հոդվածի 1-ին մասով, (հրազենի ապօրինի շրջանառությունը) 207-րդ հոդվածի 1-ին մասով, ( Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը)166-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 6-րդ կետերով (Մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը):

Ադրբեջանցի զինծառայողը երկու ամսով կալանավորվել է։