Թաղման նպաստի կարգը կփոխվի, որքա՞ն կավելանան կենսաթոշակները. նախարարությունից պարզաբանում են

02.10.2026, 14:38
Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է 2027 թ.-ի հունվարի 1-ից նեղացնել թաղման նպաստի շահառուների շրջանակը
Թաղման նպաստի կարգը կփոխվի, որքա՞ն կավելանան կենսաթոշակները. նախարարությունից պարզաբանում են

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է 2027 թ.-ի հունվարի 1-ից նեղացնել թաղման նպաստի շահառուների շրջանակը, իսկ խնայված միջոցներն ուղղել կենսաթոշակների բարձրացմանը։

ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ վճարների քաղաքականության վարչության պետ Անահիտ Գալստյանը ներկայացրել է փաթեթով առաջարկվող թաղման նպաստի նոր կարգավորումները և կենսաթոշակների բարձրացման վերաբերյալ փոփոխությունները։

Ի՞նչ է առաջարկվում փաթեթով

Նախագծերի փաթեթով առաջարկվում է վերանայել թաղման նպաստի համակարգը, որում առանցքային փոփոխությունը շահառուների խմբի շրջանակի նեղացումն է։

Գալստյանի խոսքով` գործող կարգավորմամբ թաղման նպաստի իրավունք ունի այն անձը, որը կազմակերպում է կենսաթոշակառուի կամ սոցիալական ապահովության համակարգում հաշվառված ընտանիքի անդամի հուղարկավորությունը։

«Նոր կարգավորումներով նախատեսվում է, որ թաղման նպաստ տրամադրվի միայն անապահովության համակարգում նպաստ ստացող ընտանիքի անդամի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին», - նշել է Գալստյանը ասուլիսի ժամանակ։

Նա հայտնել է, որ նպաստը կնշանակվի և կվճարվի, եթե անձը մահացել և հուղարկավորվել է ՀՀ-ում։ Նախատեսվում է նաև թղթային դիմումը բացառել և գործընթացն իրականացնել առցանց։

Նրա խոսքով՝ ներկայում թաղման նպաստի վճարման ցուցակները ձևավորվում են շաբաթական երկու անգամ, և դիմելուց հետո նպաստը հնարավոր է վճարել առնվազն երկու օրվա ընթացքում։ Նախատեսվում է վարչարարությունը կատարելագործել, որպեսզի այդ ժամկետը հնարավոր լինի ևս կրճատել։

Թաղման նպաստի չափը չի փոխվի և կկազմի 200 հազար դրամ։ Դրան հնարավոր կլինի դիմել մահվանից հետո 6 ամսվա ընթացքում։

Նոր համակարգը նախատեսվում է կիրառել 2027 թ.-ի հունվարի 1-ից։

«Եթե անապահովության նպաստ ստացող ընտանիքի անդամը մահացել է մինչև 2027 թ.-ի հունվարի 1-ը, այսինքն՝ ընթացիկ տարում, ապա թաղման նպաստին առնչվող հարաբերությունները կկարգավորվեն այսօրվա գործող իրավական ակտերով՝ անկախ այն բանից, թե երբ անձը կդիմի թաղման նպաստի համար», - նշել է Նախարարության Կենսաթոշակային ապահովության վարչության պետը։

Փոփոխության արդյունքում նախատեսվում է խնայել մոտ 4,3–4,4 մլրդ դրամ։ Գալստյանի խոսքով՝ դրան կավելացվի ևս 1,1–1,2 մլրդ դրամ, և այդ գումարը` մոտ 5,6 մլրդ դրամ, 2027 թ.-ի հունվարի 1-ից կուղղվի կենսաթոշակների ու նպաստների բարձրացմանը։

Ինչպե՞ս կփոխվեն աշխատանքային կենսաթոշակները

Գալստյանի խոսքով՝ աշխատանքային կենսաթոշակների չափերը կավելանան՝ կախված կենսաթոշակի տեսակից, աշխատանքային ստաժից և ֆունկցիոնալության գնահատմամբ որոշված ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանից։

«Հիմնական կենսաթոշակի չափը, որն այսօր 34,000 դրամ է, կդառնա 34,500 դրամ։ Սա նշանակում է՝ ցանկացած աշխատանքային կենսաթոշակ առնվազն 500 դրամով պիտի ավելանա», հայտնել է ԱԲՆ վարչության պետը։

Նրա խոսքով` նվազագույն կենսաթոշակի չափը 46 հազար դրամից կդառնա 47 հազար դրամ։ Այսինքն՝ ներառյալ մինչև 14 տարվա ստաժ ունեցող անձանց կենսաթոշակը կավելանա 1000 դրամով։

Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակների դեպքում ավելացումը կախված կլինի ստաժից և ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանից։

«Այստեղ կենսաթոշակին տրվում է նաև հավելում՝ հիմնական կենսաթոշակի՝ խոր հաշմանդամության դեպքում 40%-ի չափով, ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակմամբ հաշմանդամություն ունենալու դեպքում՝ 20%-ի չափով», - նշել է Գալստյանը։

Ըստ այդմ, մինչև 14 տարվա ստաժ ունեցող հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ ստացողների դեպքում ավելացումը կկազմի 1100 կամ 1200 դրամ՝ կախված ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանից։ Ավելի երկար ստաժ ունեցող անձանց կենսաթոշակները կավելանան 600 կամ 700 դրամով՝ դարձյալ կախված ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանից։

Նա հայտնեց նաև, որ երկկողմանի ծնողազուրկ երեխաների կենսաթոշակը կավելանա 2500 դրամով, քանի որ նրանց դեպքում կիրառվում է հիմնական կենսաթոշակի հնգապատիկը։

Ինչպե՞ս կփոխվեն զինվորական կենսաթոշակները

Զինվորական կենսաթոշակների դեպքում նախատեսվում է երկու խմբի համար ավելացում։

«Զինվորական կենսաթոշակների դեպքում երկու խումբ ավելացում կունենանք։ Պարտադիր ժամկետայինների շարքային կազմի զինծառայողների, որոնք հաշմանդամություն ունեն, նրանց բոլորի կենսաթոշակները կավելանան 1400 դրամով», - հայտնել է ԱԲՆ վարչության պետը։

Նույն չափով՝ 1400 դրամով, կավելանա նաև պարտադիր ժամկետային զինծառայության շարքային կազմի զոհված կամ մահացած զինծառայողի ընտանիքի անդամին տրվող կենսաթոշակը։

Սպայական և ենթասպայական կազմի կենսաթոշակների միջին ավելացումը կկազմի միջինում 1144 դրամ։

Գալստյանի խոսքով՝ կոնկրետ ավելացումը կախված կլինի զինծառայության ստաժից և այն պաշտոնից, որից նա գնացել է զինվորական կենսաթոշակի։

Ինչքա՞ն կավելանան սոցիալական կենսաթոշակները

«Սոցիալական կենսաթոշակները՝ ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում, կավելանան նվազագույն կենսաթոշակի չափով՝ 1,000 դրամով», - նշել է Գալստյանը;

Ընդհանուր առմամբ, նախատեսվող փոփոխությունները կվերաբերեն շուրջ 505 հազար աշխատանքային կենսաթոշակառուի, 136 հազար սոցիալական կենսաթոշակ ստացողի և 39 հազար զինվորական կենսաթոշակառուի։