«Լա-Լա-Լենդը»` հայկական բեմում. ի՞նչ է սպասվում հանդիսատեսին

02.10.2026, 19:37
«Լա-Լա-Լենդ» ֆիլմի պրեմիերայից 10 տարի անց հայտնի պատմությունը կներկայացվի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում
«Լա-Լա-Լենդը»` հայկական բեմում. ի՞նչ է սպասվում հանդիսատեսին

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ «Լա-Լա-Լենդ» ֆիլմի պրեմիերայից 10 տարի անց հայտնի պատմությունը կներկայացվի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում՝ «Նկարում ենք Լա Լա Լենդ» մյուզիքլի տեսքով։

Թատրոնի տնօրեն Լիլիթ Պետրոսյանի խոսքով՝ ներկայացումը ստեղծվել է հայտնի «Լա Լա Լենդ» ֆիլմի հիման վրա, սակայն հանդիսատեսը չպետք է սպասի ֆիլմի կրկնությանը։

«Մենք տեղափոխվում ենք հոլիվուդյան ֆիլմի նկարահանման հարթակ, որտեղ «Լա Լա Լենդի» արդեն ծանոթ և սիրված կերպարների հետ կհանդիպեք նաև այլ կերպարներ»,– նշեց Պետրոսյանը ասուլիսի ժամանակ։

Պատմության կենտրոնում երաժիշտ Սեբաստիանն ու դերասանուհի Միան են, որոնք փորձում են կայանալ և հասնել իրենց երազանքներին։ Միայի կերպարը կկերտի Մարիամ Շահինյանը, իսկ Սեբաստիանի դերում հանդես կգա Ներսես Ավետիսյանը։

«Նրանք անընդհատ փորձել են, փորձել են, ու աշխարհն իրենց ասել է՝ դուք լավը չեք։ Բայց իրենք չեն դադարում հավատալ իրենց տաղանդին, իրենց հնարավորություններին և իրար օգնում են, որպեսզի հասնեն այդ բաղձալի կետին»,– նշեց Շահինյանը։

Նրա խոսքով՝ այդ ճանապարհն ունի նաև ցավոտ գին՝ միմյանց կորցնելը, ինչն էլ, ըստ դերասանուհու, սիրո ավելի իրական պատկեր է ստեղծում, քան պարզապես happy end-ը։

Ֆիլմի համեմատ՝ թատերական մոտեցումը կներկայանա ավելի խտացված գույներով։

«Ամբողջ բեմը վերածվում է կինոտաղավարի՝ շատ ռեալ, շատ իրական։ Ունենք ռեժիսոր, որը բեմի վրա բեմադրում է այդ ամենը, և իսկապես նկարում ենք Լա-Լա Լենդ», - նշեց դերասանուհին։

«Նկարում ենք Լա Լա Լենդ» մյուզիքլի պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 3-ին, մյուզիքլը կբեմադրվի նաև հոկտեմբերի 4-ին և 6-ին։ Ներկայացումներ սպասվում են նաև նոյեմբեր և դեկտեմբեր ամսիներին։

Բեմադրության մեկնաբանության հեղինակը և ռեժիսորը Լիլի Էլբակյանն է։ Որոշ տեսարանների համար գրվել է նոր երաժշտություն, որի հեղինակը Մարիամ Շահինյանն է։