Աթենքի Ակրոպոլիսի թանգարանում կներկայացվի Հին Հայաստանի մշակութային ժառանգությունը՝ ավելի քան 200 ցուցանմուշով

19.11.2026, 19:37
Աթենքի Ակրոպոլիսի թանգարանում նոյեմբերի 20-ին կբացվի «Հին Հայաստան» խորագրով միջազգային ցուցահանդեսը
Աթենքի Ակրոպոլիսի թանգարանում կներկայացվի Հին Հայաստանի մշակութային ժառանգությունը՝ ավելի քան 200 ցուցանմուշով

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Աթենքի Ակրոպոլիսի թանգարանում նոյեմբերի 20-ին կբացվի «Հին Հայաստան» խորագրով միջազգային ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի թանգարաններից ընտրված ավելի քան 200 ցուցանմուշներ։

Այս մասին հայտնում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Ցուցահանդեսում կընդգրկվեն Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ավելի քան 170 բացառիկ ցուցանմուշներ, ինչպես նաև Հունաստանի և Կիպրոսի տարբեր թանգարաններից փոխառված շուրջ 30 նմուշներ։

Առաջին անգամ Հունաստանում նման ընդգրկմամբ կներկայացվի Հին Հայաստանի նախաքրիստոնեական շրջանի մշակութային ժառանգությունը։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի ուրարտական ժամանակաշրջանին, ինչպես նաև հին հունական և միջերկրածովյան քաղաքակրթությունների հետ Հայաստանի պատմամշակութային առնչություններին ու փոխազդեցություններին։

Ցուցահանդեսի միջոցով այցելուները կծանոթանան առևտրային և հաղորդակցական այն ուղիներին, որոնք Հայկական լեռնաշխարհը կապել են Մերձավոր Արևելքի, Արևելյան Միջերկրականի, Կիպրոսի, Էգեյան ծովի ավազանի և Կրետեի հետ։

Ներկայացվող ցուցանմուշները կբացահայտեն հին աշխարհի տարբեր տարածաշրջանների միջև ձևավորված մշակութային կապերն ու փոխանակումները՝ ընդգծելով Հայաստանի մասնակցությունը ժամանակաշրջանի քաղաքակրթական, մտավոր և գեղարվեստական գործընթացներին։

Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ընտրված ցուցանմուշներն ընդգրկում են պատմական լայն ժամանակաշրջան՝ նոր քարի դարից մինչև վաղ քրիստոնեական շրջան՝ ներկայացնելով Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային զարգացման կարևորագույն փուլերը։

ԿԳՄՍ նախարարությունից ընդգծում են, որ Ակրոպոլիսի աշխարհահռչակ հուշարձանային համալիրի հարևանությամբ նման ցուցահանդեսի անցկացումը կարևոր հնարավորություն է Հայաստանի մշակութային ժառանգությունը միջազգային հանրությանը ներկայացնելու և հայ-հունական մշակութային երկխոսությունը խորացնելու համար։

«Հին Հայաստան» ցուցահանդեսը բաց կլինի մինչև 2027 թվականի փետրվարի 28-ը։