Սյունիքում հայ կնոջը վիրավորում հասցրած ադրբեջանցի զինծառայողը կալանավորվել է․ ՔԿ
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Քրեական վարույթի շրջանակում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով։
Այդ մասին «Նովոստի–Արմենիա»–ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
Սյունիքում միջադեպի մասին
ՀՀ դատախազությունը հայտնել է, որ Ադրբեջանի քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևը հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, ապօրինի մուտք է գործել Շաքիի 6-րդ փողոցի 20-րդ տուն և հայտնաբերվելուց հետո կրակոցներ արձակել։ Դրա հետևանքով վիրավորվել է 1987 թվականին ծնված Ա.Ա.-ն։ Մուսաևը դիմել է փախուստի, սակայն նույն օրը՝ ժամը 15։30-ին, հայտնաբերվել և ձերբակալվել է։
ՀՀ դատախազությունից հայտնել են նաև, որ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14:17-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության 112 ՕԿԿ Սյունիքի բաժանմունքում ահազանգ է ստացվել քաղաքացուց այն մասին, որ իրենց տուն մարդ է մտել, զենքով կրակել է մայրիկի ոտքին:
Դատախազությունից հայտնել են նաև, որ վիրավորված քաղաքացու երկու երեխաները՝ 2011 և 2014 թվականներին ծնված, մարմնական վնասվածքներով դիմել են Սիսիանի բժշկական կենտրոն։ 2014 թվականին ծնված երեխայի մոտ առկա է եղել փափուկ հյուսվածքների սալջարդ, իսկ 2011 թվականին ծնված երեխայի մոտ առկա է եղել աջ դաստակի կոտրվածք։
Այսօր 5 հոդվածով ՀՀ Գլխավոր դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Սյունիքում կնոջը վիրավորում հասցրած ադրբեջանցու նկատմամբ։
Քրեական հետապնդումը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 1-ին մասով, (Պետական սահմանն ապօրինի հատելը) 340-րդ հոդվածի 1-ին մասով, (հրազենի մաքսանենգությունը) 335-րդ հոդվածի 1-ին մասով, (հրազենի ապօրինի շրջանառությունը) 207-րդ հոդվածի 1-ին մասով, ( Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը)166-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 6-րդ կետերով (Մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը):

