Սահմանափակումները ԵԱՏՄ–ում շարունակում են դժվարացնել միասնական շուկայի լիարժեք և արդյունավետ գործունեությունը․ Փաշինյան

02.10.2026, 19:05
ԵԱՏՄ սահմանափակումները և վարչական խոչընդոտները շարունակում են էապես դժվարացնել միասնական շուկայի լիարժեք և արդյունավետ գործունեությունը, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
Սահմանափակումները ԵԱՏՄ–ում շարունակում են դժվարացնել միասնական շուկայի լիարժեք և արդյունավետ գործունեությունը․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ԵԱՏՄ սահմանափակումները և վարչական խոչընդոտները շարունակում են էապես դժվարացնել միասնական շուկայի լիարժեք և արդյունավետ գործունեությունը, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին հեռավար կարգով իր ելույթում։

Նրա խոսքով` Չոլպոն-Աթայում Միջկառավարական խորհրդի նիստից ի վեր առկա մի շարք հարցերի ուղղությամբ էական առաջընթաց արձանագրել չի հաջողվել։

«Այս կապակցությամբ կարևոր ենք համարում ԵԱՏՄ իրավունքին համապատասխան Հայաստանի արտադրանքի արտահանման և տարանցման առկա խոչընդոտների վերացման ուղղությամբ կառուցողական երկխոսության շարունակումը», - նշել է Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ այս ուղղությամբ հետևողական առաջընթացը բխում է ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների շահերից՝ ապահովելով առևտրային հոսքերի կայունությունը, շուկայի մասնակիցների համար պայմանների կանխատեսելիությունը, ինչպես նաև ինտեգրացիոն համագործակցության հետագա ամրապնդումը։

Միևնույն ժամանակ վարչապետը հաստատել է Հայաստանի հանձնառությունն ուղղված ԵԱՏՄ շրջանակներում փոխշահավետ համագործակցության շարունակականությանը։

«Անշուշտ, ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովումը ԵԱՏՄ միասնական շուկայի լիարժեք գործունեության հիմքն է։ Միևնույն ժամանակ, այս սկզբունքների գործնական իրականացումը շարունակում է պահանջել մեր հատուկ ուշադրությունը», - նշել է նա։

«Խաղաղության խաչմերուկ»-ի և TRIPP-ի մասին

Վարչապետը նշել է, որ Հայաստանը հետևողականորեն առաջ է մղում տարածաշրջանում խաղաղության և առևտրատրանսպորտային փոխկապակցվածության օրակարգը։

«Ինչպես բազմիցս նշվել է, «Խաղաղության խաչմերուկ» հայկական նախաձեռնությունն ուղղված է տրանսպորտային, էներգետիկ և թվային փոխկապակցվածության զարգացման միջոցով նոր հնարավորությունների ստեղծմանը։ «Խաղաղության խաչմերուկի» առանցքային բաղադրիչներից մեկը TRIPP-ն է։

TRIPP նախագիծը Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի։

Միևնույն ժամանակ, նախագիծը հնարավորություն կտա ինտեգրել Հայաստանը միջազգային երկաթուղային ցանցին և հնարավորություն կստեղծի Պարսից ծոցի և Սև ծովի միջև երկաթուղային հաղորդակցություն ձևավորելու համար», - ասել է Փաշինյանը։

Վարչապետը նշել է, որ սա տրանսպորտային կապերի ոլորտում նշանակալի իրադարձություն կդառնա՝ փոփոխություններ բերելով Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Իրանի համար։

«Նեղ կազմով նիստի ընթացքում ես գործընկերներին տեղեկացրեցի որոշ ասպեկտների մասին, որոնք վերաբերում են տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, որը տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման արդյունքում», - ընդգծել է Փաշինյանը։

Նա հույս է հայտնել, որ որոշակի լուծումների, որոնք, մասնավորապես, կհանգեցնեն Հայաստանի Հանրապետության երկաթուղիների արդյունավետության բարձրացմանը։

Հայաստանից ՌԴ ապրանքների մատակարարման սահմանափակումների մասին

Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի հունիսի 12-ից սահմանափակել է Հայաստանի ծագման և առաքման ամբողջ կարանտինային արտադրանքի ներմուծումը, ինչպես նաև Ռուսաստանի տարածքով տարանցումը դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ:

Որպես պատճառ նշվում են «մատակարարումների ֆիտոսանիտարական անվտանգության ապահովման ուղղությամբ հայկական կողմի անբավարար միջոցառումները»:

Սահմանափակումները մտցվել են փուլ առ փուլ՝ սկսած մայիսից, և այժմ տարածվում են ծաղիկների, ալկոհոլի և հանքային ջրերի որոշ տեսակների, բանջարեղենի (լոլիկ, վարունգ, տաքդեղ, կանաչի), մրգի և հատապտուղների (ելակ, խաղող, կորիզավոր մշակաբույսեր), ինչպես նաև սմբուկի, կարտոֆիլի և չորացրած մրգերի վրա:

Օգոստոսին ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը հայտարարեց, որ սահմանափակումների տակ ընկած ապրանքների մատակարարումների վերականգնման պայմանն է դրանց համապատասխանությունը ԵԱՏՄ անասնաբուժական և ֆիտոսանիտարական նորմերին, ինչպես նաև մատակարարների կողմից արտադրանքի անվտանգության պահանջների պահպանումը: