ԶԼՄ–ները հայտնում են Երևանում հնչած կրակոցների մասին, ոստիկանութունը պարզաբանում է
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, կրակոցներ են հնչել Երևանում, ինչի հետևանքով կա վիրավոր, հայտնում է shamshyan.com–ը։
Կայքի հաղորդմամբ, ժամը 17:10-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Մինաս Ավետիսյան 2-րդ փողոց հասցեից հրազենային վնասվածքով Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ է տեղափոխել մի տղամարդու։
Ինչպես «Նովոստի–Արմենիա»–ին հայտնեց ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը, վնասվածքով բժշկական կենտրոն տեղափոխված անձ կա։
«Այս պահին ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ», – նշեց Սարգսյանը։
Կրակոցների մասին ճշտող հարցին Սարգսյանը նշեց․ «Այս պահին դեպքի վայրում աշխատում են, հստակ կասենք»։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

