Ննջասենյակը վերածել էին կանեփի աճեցման ջերմոցի․ Երևանում հայտնաբերվել են կանեփի բույսեր, 26 փաթեթ և 4,5 մլն դրամ (ՎԻԴԵՈ)

02.10.2026, 20:25
Սարյան փողոցի տան ննջարանը կահավորված էր լուսային և օդափոխության համակարգով․ ՎԻԴԵՈ
Ննջասենյակը վերածել էին կանեփի աճեցման ջերմոցի․ Երևանում հայտնաբերվել են կանեփի բույսեր, 26 փաթեթ և 4,5 մլն դրամ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի երկու բնակիչ և մեկ օտարերկրացի տնային պայմաններում աճեցնում են կանեփ և ապօրինի իրացնում թմրանյութ, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում, դատարանի որոշմամբ, քրեական ոստիկաններն ու Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի ծառայողները սեպտեմբերի 23-ին իրականացրին խուզարկություններ։

28-ամյա կնոջ Մամիկոնյանց փողոցում գտնվող տանը հայտնաբերվեց կանեփի չորս բույս, մարիխուանայի նմանվող զանգված։

29 և 23 տարեկան երիտասարդների Սարյան փողոցի տան ննջարանում, որ կահավորված էր լուսային և օդափոխության համակարգով, հայտնաբերվեց կանեփի յոթ բույս, ընդհանուր 52 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով 26 փաթեթ։

Երկու տներից հայտնաբերվել է ընդհանուր 4,5 միլիոն դրամ։ Նախաքննությունը շարունակվում է։

Կարդալ նաև․ Վերցրել է հեռախոսներն ու վարկեր ձևակերպել. 26-ամյա անձը շուրջ 15 անձից խաբեությամբ 15 մլն դրամ է կորզել