2027թ․-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը․ տեսչական մարմինը մանրամասնում է
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ 2027 թվականի հունվարի 1-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը։
Գերատեսչությունից հայտնում են, որ ուժի մեջ են մտնում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, «Շուկայի վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնցով սահմանվում են մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառության վերաբերյալ նոր պահանջներ։
Համաձայն օրենսդրական փոփոխությունների՝ 2027 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում, հանրային սննդի կազմակերպություններում, առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում, ցուցահանդես-վաճառքներում, ինչպես նաև բացօթյա առևտրի ընթացքում արգելվում է՝
• պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքն ու առկայությունը,
• պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման հետևյալ արտադրատեսակների վաճառքն ու առկայությունը՝ տարաներ, ափսեներ, բաժակներ, բաժակի կափարիչներ, գդալներ, պատառաքաղներ,դանակներ, ըմպելու և խառնելու ձողիկներ։
Արգելքը կտարածվի նաև 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վրա։
Օրենքով բացառություն է սահմանվել՝
• կշռափաթեթավորման համար նախատեսված պոլիէթիլենային պարկերի,
• երկրորդային հումքից պատրաստված աղբի պարկերի,
• ինչպես նաև կշռափաթեթավորման համար նախատեսված կափարիչով պլաստիկ տարաների համար։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն՝ նախատեսվում է վարչական պատասխանատվություն։
«Տեսչական մարմինը հորդորում է նախապես ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ Ձեր գործունեությունը 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենսդրական պահանջներին համապատասխանեցնելու նպատակով», – նշվում է հաղորդագրության մեջ։
Անհրաժեշտ տեղեկատվությունն առավել մանրամասն կարելի է ստանալ՝ այցելելով Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի պաշտոնական կայքէջ կամ զանգահարելով 85 20 հեռախոսահամարով։

