ՀՀ ԱԳՆ-ն Ռուբեն Վարդանյանի կնոջը հանդիպման առաջարկ է փոխանցել․ վերջինս նախատեսում է Բաքվում իրականացնել մարդասիրական առաքելություն
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը ադրբեջանական բանտում գերեվարված Ռուբեն Վարդանյանի կնոջը՝ Վերոնիկա Զոնաբենդին բանավոր հանդիպման առաջարկ է փոխանցել։ Այս մասին «Ազատությանը» տեղեկացրել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
Հունիսին Զոնաբենդը հայտարարեց մարդասիրական նախաձեռնության մասին, որի շրջանակում մտադիր է կազմակերպել կանանց միջազգային պատվիրակության այց Բաքու: Վերջերս ԶԼՄ-ները հայտնեցին, որ Զոնաբենդի հետ հանդիպման կազմակերպման համար պատասխանատու գերատեսչություն է նշանակվել ՀՀ ԱԳՆ-ն։
Սակայն օգոստոսի 10-ին նա հայտնել է, որ մինչ այս պահն իր հետ կապ չի հաստատվել, և պատասխանատու պաշտոնատար անձի կոնտակտային տվյալներ իրեն չեն փոխանցվել։
ԱԳՆ-ից «Ազատությանը» պարզաբանել են, որ հանդիպման առաջարկը մինչև այդ արդեն քննարկվել էր, և Ռուբեն Վարդանյանի կնոջն այդ առաջարկը փաստացի փոխանցվել է վերջինիս հայտարարությունից հետո:
Հարցին, թե ԱԳՆ-ից կոնկրետ ով է հանդիպելու Վերոնիկա Զոնաբենդին, ԱԳՆ խոսնակը նշել է, որ «հանդիպումը կկազմակերպվի իրավասու գերատեսչությունների կողմից՝ համագործակցաբար»: «Ազատության» տեղեկություններով՝ այս պահին համաձայնեցվում են հանդիպման ժամկետները:
Ավելի վաղ Ռուբեն Վարդանյանի կինը հայտարարել էր, որ մտադիր է կազմակերպել կանանց միջազգային պատվիրակության այց Բաքու:
Այս նախաձեռնության շրջանակում Զոնաբենդը դիմել էր Ադրբեջանի օմբուդսմենին՝ խնդրելով ապահովել այդ պատվիրակության այցը Բաքու, կազմակերպել տեսակցություն Ումբակիի բանտում պահվող հայ բանտարկյալների հետ, ինչպես նաև նրանց փոխանցել ընտանիքների կողմից պատրաստված ծանրոցներ, լուսանկարներ, նամակներ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, անվտանգության նկատառումներից ելնելով՝ պատվիրակության կազմում չպետք է ընդգրկվեն հայկական ծագում ունեցող կանայք։ Նախատեսվում է օտարերկրյա հայտնի կին իրավապաշտպանների մասնակցությունը: Ինքը՝ Զոնաբենդը, նույնպես մտադիր է պատվիրակության կազմով մեկնել Բաքու։
Հուլիսին Վարդանյանի կինը Բաքու կատարելիք այցի առնչությամբ 2 անգամ նամակներ էր ուղարկել և՛ Հայաստանի վարչապետին, և՛ Ադրբեջանի օմբուդսմենին:
Հուլիսի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղարկված վերջին նամակից 10-ը օր անց, փաստորեն, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը կապ է հաստատել է Վերոնիկա Զոնաբենդի հետ:
Բաքվի հայ գերիների մասին
2026 թվականի հունվարի 14-ին Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը Ադրբեջանից տեղափոխվել են Հայաստան։
Նշված անձինք մտնում էին 33 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց թվի մեջ, որոնց պահվելը պաշտոնապես հաստատվել էր Բաքվի կողմից։ Միևնույն ժամանակ, հայկական իրավապաշտպան կազմակերպությունները հայտարարում են ադրբեջանական գերության մեջ գտնվող ևս շուրջ 80 հայերի մասին։
Փետրվարի 5-ին Բաքվի դատարանը հրապարակել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների նկատմամբ քրեական գործերով դատավճիռները։ Ցմահ ազատազրկման են դատապարտվել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ինչպես նաև արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը։
Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման՝ 65 տարեկան հասակը լրանալու պատճառով, քանի որ Ադրբեջանի օրենսդրությունը ցմահ ազատազրկում չի նախատեսում այդ տարիքի անձանց համար։
Փետրվարի 17-ին նույն ժամկետի է դատապարտվել նաև Արցախի նախկին պետնախարար, միլիարդատեր և բարերար Ռուբեն Վարդանյանը։

