Այցելություն գինու գործարաններ, սուտլիկ դոլմա, և համերգ. Արենին պատրաստվում է Խաղողօրհնեքի փառատոնին

10.08.2026, 14:38
Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրում օգոստոսի 16-ին երրորդ անգամ կանցկացվի Խաղողօրհնեքի ավանդական տոնը
Այցելություն գինու գործարաններ, սուտլիկ դոլմա, և համերգ. Արենին պատրաստվում է Խաղողօրհնեքի փառատոնին

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրում օգոստոսի 16-ին երրորդ անգամ կանցկացվի Խաղողօրհնեքի ավանդական տոնը։

Միջոցառումը կմեկնարկի 16։00-ին խաղողի առաջին բերքի օրհնության կարգով, որից հետո կսկսվի բուն փառատոնը։

«Լինելու են հրավիրված երգիչներ, ազգային երգ-երաժշտություն, ավանդական ուտեստների ցուցահանդես և վաճառք։ Լինելու է լարախաղաց։ Միջոցառումը եզրափակվելու է DJ-ով», - նշեց «Արենի համայնքային զարգացման» հիմնադրամի տնօրեն Սյուզան Մարգարյանը միջոցառմանը նվիրված ասուլիսի ժամանակ։

Ինչպես նշում են կազմակերպիչները, փառատոների կազմակերպման նպատակը գյուղական բնակավայրերում մշակույթի պահպանումն ու Աղավնաձոր գյուղի պատմամշակութային ժառանգույթունը ներկայացնելն է։

«Կան վայրեր, կան ավանդույթներ, որոնք ժամանակի ընթացքում մոռացվում են։ Այս ամենն, ինչն արվում է, նպատակ ունի պահպանելու այդ ամենը», - նշեց Արենիի համայնքապետարանի գնումների համակարգող Արմինե Վարդանյանը։

Զբոսաշրջիկները հնարավորություն կունենան նաև այցելելու գինու գործարաններ, համտեսի սրահներ և ծանոթանալու գինու արտադրության ընթացքին։

«Աղավնաձոր բնակավայրում գործում են 4 գինու գործարաններ և մշակվում են մոտ 500 հա խաղողի այգիներ։ Եթե նախկինում Արենի համայնքում ունեինք 5 հյուրատուն, այսօր հյուրանտների թիվը հասել է 23-ի։ Ունենք 130-ից ավելի ընտանեկան գինու արտադրամասեր և 5 տնային ռեստորաններ», - ընդգծեց հիմնադրամի տնօրենը։

Փառատոնի շրջանակում գործելու են նաև տաղավարներ, որտեղ ներկայանալու են գինեգործները և մեղրագործները, իսկ տեղացիները, ներկայացնելու են իրենց պատրաստած չրերի տեսականին։

«Մենք տնային պայմաններում պատրաստում ենք չրեր և ցուցադրում։ Դա ավելի մեծ ճանաչելիություն է բերում մեր արտադրանքին՝ թե՛ զբոսաշրջիկներին, թե՛ տեղացիներին, թե՛ Երևանից եկողներին», - նշեց չրագործ Մարիամ Սահակյանը։

Մասնակիցները հնարավորություն կունենան այցելելու նաև տեղի պատմական վայրեր, այդ թվում՝ Ուլգյուր սրբատեղի, որը հայտնի ճարտարապետ Մոմիկի ծնողների գերեզմանավայրն է, իսկ ազգային խոհանոցի սիրահարների համար կցուցադրվեն տեղական յուրահատուկ ուտեստներ, այդ թվում՝ սուտլիկ դոլմա, պասուց դոլմա, բանջարով ճաշ, մասրով ապուր և այն։