Ձերբակալվել են մեկ տասնյակից ավելի անձինք․ նոր մանրամասներ Դաշտավան գյուղի ծեծկռտուքից (ՎԻԴԵՈ)

10.08.2026, 12:57
Նախնական տեղեկություններով վիճաբանությունը ծագել է մեքենան արագ վարելու հարցի շուրջ. ՎԻԴԵՈ
Ձերբակալվել են մեկ տասնյակից ավելի անձինք․ նոր մանրամասներ Դաշտավան գյուղի ծեծկռտուքից (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. ՆԳՆ ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել Դաշտավանում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին։

Օգոստոսի 9-ին՝ ժամը 00.40-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղում վիճաբանություն է, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Դեպքի վայր մեկնած ոստիկանները կանխել են հետագա զարգացումները և պարզել, որ միջադեպին մասնակից մի խումբ անձանց վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի արդյունքում միմյանց հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով։

Նախնական տեղեկություններով վիճաբանությունը ծագել է մեքենան արագ վարելու հարցի շուրջ։

Ոստիկանության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով միջադեպին մասնակից մեկ տասնյակից ավելի անձինք ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին։

Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, նախաձեռնվել է քրեական վարույթ։


Կարդացեք նաև. Ծեծկռտուք՝ Դաշտավան գյուղում, կան ձերբակալվածներ, ՆԳՆ-ն պարզաբանել է ԶԼՄ-երում տարածված տեղեկատվությունը