Փաշինյանը կոչ է արել չշարունակել Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի և «Արևմտյան Ադրբեջանի և արևմտաադրբեջանցիների վերադարձի» իրավունքի մասին խոսույթները

08.08.2026, 11:24
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտ է չշարունակել «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» և «Ադրբեջանից հայ փախստականների վերադարձի» իրավունքի մասին, իսկ Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջանի և արևմտաադրբեջանցիների վերադարձի» իրավունքի մասին խոսույթները
Փաշինյանը կոչ է արել չշարունակել Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի և «Արևմտյան Ադրբեջանի և արևմտաադրբեջանցիների վերադարձի» իրավունքի մասին խոսույթները

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտ է չշարունակել «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» և «Ադրբեջանից հայ փախստականների վերադարձի» իրավունքի մասին, իսկ Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջանի և արևմտաադրբեջանցիների վերադարձի» իրավունքի մասին խոսույթները։

Այս մասին ՀՀ վարչապետը նշել է ուղերձում, որը հղել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ և մասնակցությամբ կայացած եռակողմ հանդիպման առաջին տարեդարձի առիթով։

Փաշինյանի խոսքով՝ այդ հանդիպման արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվեց, իսկ իր և Ադրբեջանի նախագահի ընդունած համատեղ հռչակագիրը, որը որպես վկա ստորագրեց նաև ԱՄՆ նախագահը, այժմ անվանում են «Խաղաղության հռչակագիր»։

Փաշինյանը նաև հայտարարել է, որ «Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության էջը փակված է, խաղաղությունը հաստատված է»։

«Խաղաղությունը հաստատված է, և այն ահա ձեր աչքի առջև է, ձեր կյանքն է ու առօրյան։ Որևէ խաղաղություն հաստատելը հեշտ չէ, հեշտ չի եղել նաև մեր խաղաղության հաստատումը։ Բայց ցանկացած խաղաղությունը փլուզելն ու ի չիք դարձնելը չափազանց հեշտ է, և դա կարելի է անել շատ արագ, ու հարց է՝ այդ պարագայում կհաջողվի արդյոք 35 տարի անց նորից հաստատել խաղաղություն», — ասել է նա։

Վարչապետի խոսքով՝ այսօր շատերը՝ ոմանք նպատակադրված, ոմանք էլ ակամա, գործում են խաղաղությունը փլուզելու տրամաբանությամբ, և այս գործունեությունը երբեմն քողարկվում է բարեհունչ կամ «հայրենասիրական» ծխածածկույթի ներքո։

«Ուզում եմ ասել առանց սեթևեթանքի՝ խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» և «Ադրբեջանից հայ փախստականների վերադարձի» իրավունքի մասին, իսկ Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջանի և արևմտաադրբեջանցիների վերադարձի» իրավունքի մասին խոսույթները չշարունակելը», — հայտարարել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ սա հարց է, որը թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում հասցեագրելու անհրաժեշտություն կա՝ հանուն մեր սերունդների խաղաղ համակեցության իրավունքի։

«Սա է այն իրավունքը, որ մենք այսօր պետք է առարկայացնենք և հետապնդենք, և պետք է կարողանանք հաղթահարել սրան հակասող որևէ խոսույթ», — ասել է Փաշինյանը։

Կարդացեք նաև․ ՀՀ վարչապետը Վաշինգտոնյան գագաթնաժողովի 1–ամյակին օգոստոսի 8–ն անվանել է սահմանագիծ Հայաստանի համար