Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հեռախոսազրույցը

08.08.2026, 12:41
Օգոստոսի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հեռախոսազրույցը

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա․ 2026 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում անցկացված Խաղաղության գագաթնաժողովի առաջին տարեդարձի առիթով, որի ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի միջև հաստատվեց խաղաղություն, ինչպես նաև նախաստորագրվեց Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը։

Կողմերը հատկապես նշել են նախագահ Դոնալդ Թրամփի և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության կարևոր դերը խաղաղության գործընթացի առաջխաղացման գործում։

Կողմերը նշել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրված առաջընթացը։

Զրույցի ընթացքում ընդգծվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը՝ որպես խաղաղության օգուտների շոշափելի դրսևորում։ Այս համատեքստում, կողմերը նշել են ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան, ինչպես նաև տարանցիկ բեռների փոխադրումը Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան և Հայաստանից դեպի այլ ուղղություններ։

Բացի այդ, կողմերը մտքեր են փոխանակել TRIPP երթուղու իրականացման վերաբերյալ՝ համաձայն Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների։

Կողմերն ընդգծել են խաղաղության գործընթացի առաջմղման և տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության, կապակցվածության և տնտեսական համագործակցության ապահովման ջանքերը շարունակելու կարևորությունը։

Կարդացեք նաև․ Փաշինյանը կոչ է արել չշարունակել Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի և «Արևմտյան Ադրբեջանի և արևմտաադրբեջանցիների վերադարձի» իրավունքի մասին խոսույթները