Հայկական Սիսիանն ու իրանական Լահիջանը կդառնան քույր քաղաքներ
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Սիսիան քաղաքը և Իրանի Իսլամական Հանրապետության Գիլանի նահանգի Լահիջան քաղաքը կդառնան քույր քաղաքներ, հայտարարել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
Նա հայտնել է, որ դա տեղի կունենա օգոստոսստի 10-ին «Նավասարդ» հայ-իրանական մշակութային, խոհանոցային փառատոնի շրջանակում։
«Համապատասխան փաստաթուղթը հանդիսավոր կերպով կստորագրվի հենց բեմահարթակում», - ասաց Ապրեսյանը փառատոնին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
ՀՀ-ում Իրանի փոխդեսպան Բահրամ Թահերին էլ նշեց, որ Սիսիանն ու Լահիջանը շատ նմանություններ ունեն և նույնիսկ կարող են համարվել երկու երկրների քաղաքների մեջ միմյանց ամենաշատ նմանություն ունեցողները։
«Սկսած պատմական հնությունից մինչև քաղաքաշինության տարբեր տարրերը, քաղաքի ճարտարապետությունը, այդ քաղաքներում գյուղատնտեսական արտադրանքի բնույթը, տուրիզմի տեսանկյունից այդ քաղաքների ունեցած նշանակությունը, խոհարարկան ավանդույթները և այլն», - նշեց Թահերին։
Փոխդեսպանի խոսքով՝ այս փաստաթղթի ստորագրումից հետո քաղաքներն էլ ավելի լայն հեռանկարներ կունենան այլ ոլորտներում միմյանց հետ համագործակցելու համար։

