Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների դեմ քրեական գործը մակագրվել է նոր դատավորի
11.08.2026,
19:16
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և վեց եպիսկոպոսների դեմ քրեական գործը մակագրվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանին
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և վեց եպիսկոպոսների դեմ քրեական գործը մակագրվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանին։
Այս մասին տեղեկանում ենք DataLex դատական տեղեկատվական համակարգից:
Ավելի վաղ գործը գտնվում էր դատավոր Հակոբ Մանուկյանի վարույթում, սակայն օգոստոսի 7-ին կայացած առաջին նիստին նա ինքնաբացարկ է հայտնել, ինչի կապակցությամբ գործը մակագրվել է այլ դատավորի:
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին և Գերագույն հոգևոր խորհրդի վեց անդամներին (երկու արքեպիսկոպոսի և չորս եպիսկոպոսի) մեղադրում են Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ Սարոյանի գործով դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեջ:

