Ստորագրված փաստաթղթերում որևէ տեղ չեք հանդիպի «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, չկա նման բան. ՔՊ-ական պատգամավորն արձագանքել է Ալիևին

12.08.2026, 13:48
Տարածաշրջանի ապաշրջափակումն այն պայմաններով, որոնք նկարագրված է այդ ստորագրված փաստաթղթերում, բնականաբար,  ձեռնտու է և՛ Հայաստանին, և՛, բնականաբար, նաև Ադրբեջանին, ասաց Եղոյանը
Ստորագրված փաստաթղթերում որևէ տեղ չեք հանդիպի «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, չկա նման բան. ՔՊ-ական պատգամավորն արձագանքել է Ալիևին

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը արձագանքել է Ալիևի այն հայտարարությանը, թե TRIPP նախագիծը նույն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» է, և նշել, որ ՀՀ տարածքում նման տերմինով ենթակառուցվածք կամ հասկացություն գոյություն չունի։

«Կան ստորագրված փաստաթղթեր, հայտարարություններ, պայմանագրերի նախագծեր նույնիսկ։ Այս բոլոր ստորագրված փաստաթղթերում որևէ տեղ չեք հանդիպի «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, չկա նման բան», - ասաց Եղոյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

Նա ընդգծեց, որ ՀՀ տարածքում գոյություն ունի TRIPP նախագիծը, որին հաջորդել են այլ փաստաթղթեր, այդ թվում` օրեր առաջ հրապարակված եռակողմ համատեղ հայտարարությունը օգոստոստի 8-ի համաձայնության 1- ամյակի առիթով, և այնտեղ նույնպես չկա այդ արտահայտությունը։

Անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակմանը` պատգամավորը նշեց, որ այդ փաստաթուղթը չէր ստորագրվի, եթե ձեռնտու չլիներ բոլոր 3 կողմերին։

«Տարածաշրջանի ապաշրջափակումն այն պայմաններով, որոնք նկարագրված է այդ ստորագրված փաստաթղթերում, բնականաբար,  ձեռնտու է և՛ Հայաստանին, և՛, բնականաբար, նաև Ադրբեջանին», - ասաց Եղոյանը։

Նշենք, որ Նախիջևանում Ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահը, խոսելով ԹՐԻՓՓ նախագծի մասին, այն անվանել է «Զանգեզուրի միջանցք»։

«Զանգեզուրի միջանցքի ստեղծումը, ինչպես ձեզ հայտնի է, մեր նախաձեռնությունն էր։ Ադրբեջանի հիմնական մասի միացումն իր անբաժանելի մասին՝ Նախիջևանին, մեր վաղեմի երազանքն էր», ինչպես հաղորդում է EDnews-ը, այս մասին Նախիջևանում Ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է նախագահ Իլհամ Ալիևը։

«Մենք վստահորեն և շատ հմտորեն ընթանում էինք, մոտենում էինք այդ նպատակին և արդեն մոտեցել ենք դրան», - նշել է պետության ղեկավարը։

TRIPP նախագծի մասին

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծը նախատեսում է Հայաստանի տարածքում անխափան մուլտիմոդալ տարանցիկ ենթակառուցվածքի ստեղծում՝ իր տարածքում նախագծի ենթակառուցվածքի նկատմամբ հանրապետության լիակատար ինքնիշխանության պահպանմամբ: Մասնավորապես, նախագիծը պետք է ապահովի տրանսպորտային հաղորդակցություն Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, ինչպես նաև ընդլայնի տարածաշրջանային երթուղիները, որոնք Կենտրոնական Ասիան և Կասպից տարածաշրջանը կապում են Եվրոպայի հետ:

Հայաստանը և ԱՄՆ-ն 2026 թվականի հունիսին ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիր. նախագծի իրականացման համար ստեղծվել է հայ-ամերիկյան համատեղ TRIPP Development Company ընկերությունը:

TRIPP-ը դիտարկվում է որպես ավելի լայն Անդրկասպյան առևտրային երթուղու մաս: Այս երթուղու երկայնքով մասնավոր ներդրումները խթանելու համար ԱՄՆ-ն գործարկել է Trans-Caspian Enterprise Fund-ը, որը կապիտալիզացվել է 201 մլն դոլարով՝ ամերիկյան կառավարության միջոցների հաշվին:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ TRIPP-ը նախ և առաջ ներդրումային նախագիծ է, որի շնորհիվ ակնկալվում է նոր ներդրումների միլիարդավոր դոլարների հոսք դեպի Հայաստան: