Չկա որևէ պատճառ կամ հանգամանք, որը կարող է Հայաստանին ստիպել ակտիվացնել իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում․ ՔՊ պատգամավոր

11.08.2026, 13:48
Խանդանյանը մեկնաբանել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությունն այն մասին, որ ՀԱՊԿ–ում Հայաստանին ձայնի իրավունքից հնարավոր զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին
Չկա որևէ պատճառ կամ հանգամանք, որը կարող է Հայաստանին ստիպել ակտիվացնել իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում․ ՔՊ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Չկա որևէ պատճառ կամ հանգամանք, որը կարող է Հայաստանին ստիպել ակտիվացնել իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում, հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

Խանդանյանը մեկնաբանել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությունն այն մասին, որ ՀԱՊԿ–ում Հայաստանին ձայնի իրավունքից հնարավոր զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստում: 

«Հայաստանի դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել։ Հայաստանն արդեն մի քանի տարի է՝ սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, և ըստ էության հետդարձի ճանապարհ մենք չենք տեսնում։ Մենք կհետևենք զարգացումներին, կընդունենք ի գիտություն ՀԱՊԿ-ի մեր գործընկերների կողմից կայացված որոշումը», - նշեց Խանդանյանը։ 

Պատգամավորն ընդգծեց, որ անդամակցության սառեցման հիմքում ընկած խնդիրները մինչ օրս չեն լուծվել, և Երևանը մինչ օրս չի տեսել որևէ քաղաքական մակարդակի հայտարարություն, որը կդատապարտեր 2022-2023 թվականներին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ տեղի ունեցածը։

Հայաստան — ՀԱՊԿ հարաբերությունների մասին

2024 թվականին Հայաստանը հայտարարեց ՀԱՊԿ-ում մասնակցության սառեցման մասին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դա բացատրում էր անվտանգության ոլորտում Հայաստանի առջև կազմակերպության կողմից իր պարտավորությունների չկատարմամբ:

Հայաստանի ԱԳՆ-ն նույնպես հայտարարում էր, որ Երևանը ձեռնպահ է մնում կազմակերպության բյուջեի շրջանակում ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց:

Երևանում ավելի վաղ նշում էին, որ ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ վերջնական որոշումը կարող է կայացվել Ադրբեջանի կողմից օկուպացված Հայաստանի ինքնիշխան տարածքների շուրջ տիրող իրավիճակին կազմակերպության երկրների քաղաքական արձագանքի բացակայության դեպքում:

ՀԱՊԿ-ում հայտարարում են, որ շարունակում են Երևանին տեղեկացնել ընդունվող որոշումների մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանը մնում է կազմակերպության մասնակից, աջակցում է դրա որոշումներին, բայց չի մասնակցում նիստերին: