ՀԱՊԿ–ում Հայաստանին ձայնի իրավունքից հնարավոր զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Հայաստանին ձայնի իրավունքից հնարավոր զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստում: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:
«Կազմակերպության անդամներից մեկի նկատմամբ հնարավոր սահմանափակող միջոցների կիրառմանը վերաբերող ցանկացած որոշում ամբողջությամբ վերաբերում է Հավաքական անվտանգության խորհրդի (դրա մեջ մտնում են ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները) իրավասություններին, որն իրավասու է նման որոշումներ կայացնել կազմակերպության կանոնադրության դրույթների հիման վրա», — ասել է Գալուզինը:
Նրա խոսքով՝ տվյալ հարցին կիրառելի նորմերն ամրագրված են, մասնավորապես, ՀԱՊԿ Կանոնադրության 20-րդ և 25-րդ հոդվածներում: «Խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Մոսկվայում նոյեմբերի 11-ին», — նշել է ՌԴ փոխարտգործնախարարը:
Գալուզինը նաև հայտարարել է, որ ՀԱՊԿ Կանոնադրությունը միջազգային պայմանագիր է և պետք է բարեխղճորեն կատարվի դրա բոլոր կողմերի կողմից, ներառյալ անդամ պետությունների պարտականությունը՝ ֆինանսավորելու կազմակերպության մարմինների գործունեությունը:
«Երևանի հրաժարումը կազմակերպության աշխատանքներին մասնակցելուց և դրա բյուջեի մասին ամենամյա որոշումները չստորագրելը նշանակում է միայն իրեն պատկանող իրավունքից չօգտվել, բայց չի դադարեցնում Հայաստանի պարտավորություններն ազգային անդամավճարը ժամանակին փոխանցելու վերաբերյալ», — ասել է դիվանագետը:
Նրա խոսքով՝ նման դեպքերի համար միջազգային կազմակերպություններում նախատեսված են ընթացակարգեր՝ ամրագրված հիմնարար փաստաթղթերում:
«ՀԱՊԿ-ը բացառություն չէ», — հավելել է Գալուզինը:
Հայաստան — ՀԱՊԿ հարաբերությունների մասին
2024 թվականին Հայաստանը հայտարարեց ՀԱՊԿ-ում մասնակցության սառեցման մասին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դա բացատրում էր անվտանգության ոլորտում Հայաստանի առջև կազմակերպության կողմից իր պարտավորությունների չկատարմամբ:
Հայաստանի ԱԳՆ-ն նույնպես հայտարարում էր, որ Երևանը ձեռնպահ է մնում կազմակերպության բյուջեի շրջանակում ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց:
Երևանում ավելի վաղ նշում էին, որ ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ վերջնական որոշումը կարող է կայացվել Ադրբեջանի կողմից օկուպացված Հայաստանի ինքնիշխան տարածքների շուրջ տիրող իրավիճակին կազմակերպության երկրների քաղաքական արձագանքի բացակայության դեպքում:
ՀԱՊԿ-ում հայտարարում են, որ շարունակում են Երևանին տեղեկացնել ընդունվող որոշումների մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանը մնում է կազմակերպության մասնակից, աջակցում է դրա որոշումներին, բայց չի մասնակցում նիստերին:

