Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստան-Ադրբեջան-ԱՄՆ եռակողմ հանդիպում

12.08.2026, 10:03
Կողմերը մտքեր են փոխանակել արդեն իսկ արձանագրված դրական զարգացումների, տարածաշրջանում ենթակառուցվածքային ծրագրերի և վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ
Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստան-Ադրբեջան-ԱՄՆ եռակողմ հանդիպում

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/.   Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովի մեկամյակի կապակցությամբ, Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանի, Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամադովի և ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերի հանդիպումը:

Ինչպես հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, Վահան Կոստանյանը բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ներդրումը ինչպես նախորդ տարի տեղի ունեցած գագաթնաժողովի կայացման, այնպես էլ ընթացիկ տարվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացման համատեքստում:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել արդեն իսկ արձանագրված դրական զարգացումների, տարածաշրջանում ենթակառուցվածքային ծրագրերի և վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ:

Ընդգծվել է առկա հումանիտար խնդիրները հասցեագրելու կարևորությունը։