2026թ.-ի օգոստոսի աստղագիտական երևույթները. ի՞նչ կտեսնենք Հայաստանում

12.08.2026, 19:30
Ինչպե՞ս և երբ հետևել օգոստոսյան աստղագիտական բացառիկ երևույթներին
2026թ.-ի օգոստոսի աստղագիտական երևույթները. ի՞նչ կտեսնենք Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/.   Օգոստոսը աստղագիտության սիրահարների համար ամենատպավորիչ ամիսներից մեկն է։ Երկնքում տեղի կունենան մի շարք ուշագրավ իրադարձություններ՝ Պերսեիդների ասուպային հոսքից և մոլորակների առավոտյան շքերթից մինչև Արեգակի ամբողջական և Լուսնի մասնակի խավարումներ, փոխանցում է ria56.ru-ն։

Հատկապես ուշագրավ է օգոստոսի 12-ը, երբ նույն ժամանակահատվածում տեղի կունենան մի քանի խոշոր երկնային իրադարձություններ։

Պատմում ենք, թե ինչին պետք է ուշադրություն դարձնել և երբ նայել երկնքին։

Պերսեիդների պիկը. ժամում մինչև 100 «ընկնող աստղ»

Օգոստոսի 12–13-ի գիշերը իր առավելագույնին կհասնի Պերսեիդների ասուպային հոսքը՝ տարվա ամենահայտնի և դիտարժան աստղաթափերից մեկը։ Բարենպաստ պայմաններում հնարավոր է տեսնել ժամում մինչև մոտ 100 ասուպ։ 2026 թ.-ին դիտարկումների պայմանները հատկապես բարենպաստ կլինեն, քանի որ Պերսեիդների առավելագույնը կհամընկնի նորալուսնի հետ։ Արդյունքում լուսնի պայծառ լույսը չի խանգարի թույլ ասուպների դիտարկմանը։

ՀՀ Հայհիդրոմետի տնօրենի խոսքով, Հայաստանում դիտումների համար լավագույն ժամանակը կլինի՝ 23:00-ից մինչև լուսաբաց, հատկապես՝ 02:00–05:00։ Իդեալական պայմաններում հնարավոր կլինի տեսնել մինչև 100 երկնաքար ժամում։

Օգոստոսի 12-ի Արեգակի ամբողջական խավարումը

Օգոստոսի 12-ին տեղի կունենա 2026 թ.-ի ամենանշանակալի աստղագիտական իրադարձություններից մեկը՝ Արեգակի ամբողջական խավարումը։

Ամբողջական խավարման գոտին կանցնի Գրենլանդիայի, Իսլանդիայի, Իսպանիայի և Ռուսաստանի հյուսիսային շրջանների վրայով։ Մի շարք այլ տարածքներում, այդ թվում՝ Եվրոպայի որոշ հատվածներում, երևույթը հնարավոր կլինի դիտել որպես մասնակի Արեգակի խավարում։ Արեգակի խավարումը չի կարելի դիտել անզեն աչքով։ Դիտարկման համար անհրաժեշտ են հատուկ արևային ֆիլտրով պաշտպանիչ միջոցներ։

ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը նշում է, որ Հայաստանը չի գտնվի ոչ լրիվ, ոչ էլ մասնակի խավարման գոտում, ուստի այս երևույթը մեր երկրից հնարավոր չի լինի դիտել։

Վեց մոլորակների «առավոտյան շքերթը»

Օգոստոսի 12-ի առավոտյան՝ արևածագից առաջ, երկնքում հնարավոր կլինի միաժամանակ տեսնել վեց մոլորակ՝ Սատուրնը, Նեպտունը, Ուրանը, Մարսը, Յուպիտերը և Մերկուրին։ Դրանցից Սատուրնը և Մարսը հնարավոր կլինի տեսնել անզեն աչքով։ Յուպիտերն ու Մերկուրին նույնպես տեսանելի կլինեն առանց օպտիկական սարքերի, սակայն դրանք շատ ցածր կլինեն հորիզոնին և, հատկապես լուսաբացին մոտ, դիտարկելը կարող է դժվար լինել։ Նեպտունը և Ուրանը անզեն աչքով տեսանելի չեն։ Դրանց դիտարկման համար անհրաժեշտ կլինի օպտիկական սարքավորում։

Մասնակի լուսնային խավարում՝ օգոստոսի 28-ին

Օգոստոսի 28-ին տեղի կունենա մասնակի լուսնային խավարում։ Դրա տեսանելիությունը կախված կլինի դիտարկման վայրից։ Մոսկվայում և Ռուսաստանի արևմտյան մասի որոշ շրջաններում Լուսնի մայր մտնելուց առաջ հնարավոր կլինի տեսնել խավարման միայն կիսաստվերային փուլը։ Մասնակի խավարման հիմնական փուլը Մոսկվայում կսկսվի արդեն Լուսնի մայր մտնելուց հետո և այնտեղ տեսանելի չի լինի։ Խավարման մասնակի փուլն ավելի լավ պայմաններով հնարավոր կլինի դիտել այն տարածաշրջաններում, որտեղ այդ պահին Լուսինը հորիզոնից վեր կլինի, այդ թվում՝ Արևելյան Եվրոպայի, Ասիայի և այլ շրջանների մի մասում։

Նշենք, որ ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանն ավելի վաղ սոցցանցի իր էջում գրել էր 2026 թվականի օգոստոսին գրանցվելիք տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթների մասին։

Նրա խոսքով, օգոստոսի վերջին Լուսինը կհասնի լիալուսնի փուլին։

«Այս անգամ լիալուսինն առավել հետաքրքիր կլինի, քանի որ այն կուղեկցվի մասնակի Լուսնի խավարումով։ Խավարման առավելագույն փուլը կլինի՝ 04:12 UTC-ին, կամ 08:12-ին՝ Երևանի ժամանակով։ Խավարումը տեսանելի կլինի աշխարհի բազմաթիվ շրջաններից, սակայն Հայաստանի համար կարևոր է հաշվի առնել ոչ միայն խավարման ընդհանուր տեսանելիության գոտին, այլև Լուսնի մայր մտնելու ժամը։ Խավարման որոշ փուլեր կարող են համընկնել արևածագի և Լուսնի մայր մտնելու ժամանակահատվածի հետ, ուստի լավագույն տեսանելիությունը կարող է լինել սահմանափակ»,- Facebook -ի իր էջում գրել է նա։

Մոլորակներն ամբողջ օգոստոսին. որտեղ և երբ փնտրել

Նույնիսկ մեծ աստղագիտական իրադարձություններից զատ ամիսը հետաքրքիր է մոլորակների տեսանելիության առումով։

Վեներա — օգոստոսին երեկոյան երկնքում տեսանելի կլինի Արեգակի մայր մտնելուց հետո։

Սատուրն — տեսանելի է գիշերվա և առավոտյան ժամերին։ Այն բավական պայծառ է և հեշտությամբ դիտվում է անզեն աչքով։

Նեպտուն — տեսանելի է գիշերային երկնքում, սակայն այն հնարավոր չէ տեսնել անզեն աչքով․ անհրաժեշտ է աստղադիտակ։

Մարս — առավոտյան երկնքում է և կարելի է ճանաչել իր կարմրավուն երանգով։

Ուրան — տեսանելի է առավոտյան ժամերին, սակայն այն շատ թույլ է անզեն աչքով դիտարկելու համար։ Դիտարկման համար ցանկալի է օգտագործել հեռադիտակ կամ աստղադիտակ։

Յուպիտեր — առավոտյան երկնքում է։ Ամսվա ընթացքում նրա դիտարկման պայմանները բարելավվում են, սակայն այն նույնպես կարող է բավական ցածր գտնվել հորիզոնին։

Մերկուրի — առավոտյան երկնքում տեսանելի է, հորիզոնին մոտ և համեմատաբար դժվար տեսանելի։ Դիտարկման համար անհրաժեշտ է ընտրել հորիզոնի բաց տեսանելիությամբ վայր և կարճ ժամանակահատված՝ արևածագից առաջ։

Խորհուրդներ դիտարկումների համար

Ընտրեք մութ վայրեր։ Քաղաքային լուսավորությունը զգալիորեն նվազեցնում է թույլ օբյեկտների տեսանելիությունը։ Իդեալական տարբերակը քաղաքից դուրս՝ արհեստական լույսերից հեռու վայրն է։

Թույլ տվեք աչքերին ընտելանալ։ Մթության մեջ որոշ ժամանակ մնալը բարելավում է աղոտ աստղերն ու ասուպները տարբերակելու հնարավորությունը։ Համաստեղություններն ու պայծառ աստղերը կօգնեն ավելի արագ գտնել երկնքի անհրաժեշտ հատվածները։ Օգտագործեք օպտիկական սարքեր։ Հեռադիտակը կամ աստղադիտակը դիտարկումներն ավելի հետաքրքիր կդարձնեն, հատկապես Ուրանի, Նեպտունի և այլ թույլ օբյեկտների դեպքում։ Արեգակի խավարման ժամանակ օգտագործեք միայն հատուկ պաշտպանիչ միջոցներ։ Սովորական արևային ակնոցները բավարար չեն Արեգակն անվտանգ դիտելու համար։