Աղբակույտեր՝ Քարի լճի տարածքում. ստացված ահազանգերը կփոխանցվեն իրավասու գերատեսչություններին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Շրջակա միջավայրի նախարարությունը Քարի լճի հարակից տարածքի աղտոտման մասին ստացված ահազանգերը կփոխանցի իրավասու գերատեսչություններին և իր լիազորությունների շրջանակում հետամուտ կլինի խնդրի կարգավորմանը։
«Երեկվանից համացանցում ակտիվորեն տարածվում են Արագած լեռան բարձրլեռնային լճերից մեկի՝ Քարի լճի հարակից տարածքի աղտոտման վերաբերյալ լուսանկարներ և տեսանյութեր։ Շրջակա միջավայրի նախարարությունը ևս բազմաթիվ ահազանգեր է ստացել», - նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Միաժամանակ ՇՄՆ-ից քաղաքացիներին հիշեցնում են, որ բնության գրկում հանգիստը կազմակերպելիս անհրաժեշտ է առավելագույն պատասխանատվությամբ վերաբերվել շրջակա միջավայրին։
«Բնությունը բոլորիս ընդհանուր հարստությունն է, իսկ այն մաքուր և անաղարտ պահելը՝ յուրաքանչյուրիս պատասխանատվությունը։ Այցելության վայրում թողած յուրաքանչյուր թափոն ոչ միայն աղտոտում է տարածքը, այլև կարող է վնաս հասցնել բնական էկոհամակարգերին։
Հորդորում ենք բնության գրկում հանգիստը կազմակերպելիս պահպանել մաքրությունը, հավաքել առաջացած թափոնները և դրանք տեղափոխել միայն դրա համար նախատեսված վայրեր», - նշված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունից հայտնում են, որ հատկապես բարձրալեռնային և խոցելի էկոհամակարգերում յուրաքանչյուր գործողություն կարող է երկարատև հետևանք ունենալ, և ընդգծում, որ մաքուր շրջակա միջավայր պահպանելը յուրաքանչյուրիս պարտավորությունն ու պատասխանատվությունն է։

