Ինչպե՞ս պահպանել զգացմունքը կադրում․ հայ լուսանկարիչը՝ վարպետության, սմարթֆոնների և ԱԲ-ի հնարավորությունների մասին (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Սմարթֆոնների, Instagram-ի և արհեստական բանականության (ԱԲ) դարաշրջանում, երբ յուրաքանչյուրը կարող է վայրկյանների ընթացքում լուսանկար ստանալ, իսկական վարպետության ու գեղեցիկ կադրի ընկալումը ձեռք է բերում նոր արժեք:
Ինչպե՞ս «որսալ» անկեղծ էմոցիան, որտե՞ղ է անցնում լուսանկարի մշակման ու կադրը փչացնելու սահմանը, և ինչու՞ ոչ մի ԱԲ չի կարող փոխարինել կենդանի լույսին ու մարդկային զգացողությանը:
«Նովոստի-Արմենիա»-ն Լուսանկարչության համաշխարհային օրվա կապակցությամբ լուսանկարչության արվեստի, սմարթֆոնով որակյալ կադրեր ստանալու գաղտնիքների և ինքնատիպ ձեռագիր պահպանելու մասին զրուցել է Movsisyan Production-ի հիմնադիր, լուսանկարիչ Մովսես Մովսիսյանի հետ։
Վարպետություն և տեխնիկա
Իմ կարծիքով՝ ամենակարևորը տվյալ պահին ու միջավայրում ճիշտ կադրը «որսալն» է։ Տեխնիկան ինձ համար երկրորդական է․ Հեռախոսով էլ կարելի է ստանալ նույնքան տպավորիչ պատկերներ։ Եթե կողք կողքի կանգնեցնենք սովորական սմարթֆոնով լուսանկարողին և թանկարժեք տեխնիկա, բայց հմտություններ չունեցող մարդուն, վերջինս չի կարողանա լավ լուսանկար ստանալ։ Գլխավորը ճիշտ լույսը, կադրը և կոմպոզիցիան զգալն է։
Լույսի հետ աշխատելու ամենամեծ մարտահրավերը

Ինձ համար ամենամեծ մարտահրավերը վառ արևն է, քանի որ այն դժվարացնում է իրական գույների փոխանցումը։ Անկեղծ ասած, տարիների ընթացքում սովորել եմ դրան հարմարվել։ Իսկ մութ, ստվերոտ տարածությունում, հատկապես ներկայիս տեխնիկայի ավտոմատ կարգավորումների շնորհիվ, հաճախ ավելի գեղեցիկ պատկերներ են ստացվում։
Նախքան նկարելը կադրը «տեսնելու» հմտությունը

Ամեն լուսանկարիչ ունի իր ուրույն հայացքը: Նախ նայում եմ, թե ինչպես կտեսնեի տեսարանը առանց տեսախցիկի, որպեսզի հասկանամ՝ որքանով է կադրը բնական և խոսուն լինելու: Այսօր կոճակ սեղմելը շատ հեշտ է, չկան անցյալի ժապավենի սահմանափակումները: Կարևորն այն է, թե պատրաստի լուսանկարը որքանով է «խոսելու» հանդիսատեսի հետ:
Հեռախոսի տեսախցիկի Zoom-ի ճիշտ կիրառումը
Մի գաղտնիք բացեմ. այն կարծիքը, թե Zoom-ն անպայման փչացնում է որակը, չափազանցված է: Երբ հեռախոսը ֆիզիկապես եք մոտեցնում օբյեկտին, մանավանդ մարդկանց նկարելիս, պատկերը դեֆորմացվում է: Իսկ թվային կամ օպտիկական Zoom-ով նկարելիս համաչափություններն ավելի բնական են մնում: Փորձեք նկարել նույն առարկան ֆիզիկապես մոտենալով և Zoom-ով՝ ինքներդ կտեսնեք տարբերությունը:
Մարդը կադրում
Ամենաանկեղծը պատահական կադրերն են: Բայց եթե հատուկ նկարահանում է, լուսանկարչի խնդիրն է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որտեղ մարդը չի կաշկանդվի տեսախցիկից:
Սկսնակ լուսանկարիչների ամենատարածված սխալը
Սկսնակների գլխավոր սխալն իրենց ծառայությունները չափազանց ցածր գներով առաջարկելն է, ինչը շուկան դարձնում է դժվար վերահսկելի։ Խորհուրդ կտամ սկզբում անվճար նկարել մտերիմներին ու հարազատներին, հղկել հմտությունները, ձևավորել որակյալ պորտֆոլիո և միայն դրանից հետո մտնել շուկա՝ արժևորելով սեփական աշխատանքը:
Սմարթֆոնով լուսանկարչություն

Խորհուրդ կտամ չհենվել ավտոմատ ռեժիմների վրա։ Կարևոր է ինքնուրույն ընդգծել ճիշտ լույսը: Այսօր գնահատվում է էսթետիկ, ցայտուն, հստակ դետալներով և բնական գույներով հարուստ լուսանկարը, այլ ոչ թե մշուշոտ կամ չափից շատ մշակված պատկերը:
Լուսանկարի մշակման չափանիշն ու սահմանը
Լուսանկարի մշակումը պետք է ընդգծի կադրի գեղեցկությունը, այլ ոչ թե այն վերածի արհեստականության: Երբ կորչում է լուսանկարչի ձեռագիրը, դա արդեն լուսանկարչություն չէ, այլ ԱԲ գործիքների մեխանիկական կիրառում:
Փիլիսոփայություն, ԱԲ և միտումներ
Այսօր շատերը ուղղակի կրկնօրինակում են իրար: Այդ պատճառով առավել քան երբևէ հանրության կողմից գնահատվում է անհատական ձեռագիրը՝ թեկուզ մինիմալիստական, բայց սեփական ոճով արված լուսանկարները:
Լուսանկարչի անփոխարինելի արժեքը ԱԲ-ի դարաշրջանում

Ոչ մի ԱԲ չի կարող փոխարինել բնականին: Արհեստական պատկերը չի փոխանցում այն էմոցիան ու կենդանի լույսը, որն առկա է իրական լուսանկարում: Պրոֆեսիոնալն իսկույն զգում է այդ տարբերությունը:
Ամենարժեքավոր խորհուրդը մեծ վարպետից
Ամենարժեքավոր խորհուրդը ստացել եմ Երվանդ Մանարյանից, ում թատրոնում մեծացել եմ 7 տարեկանից. «Երբեք ինքդ քեզ մի կեղծիր և սովորիր ամենատգեղ առարկայի մեջ անգամ տեսնել ու ստանալ գեղեցիկը»: Այս խոսքերն ինձ առաջնորդում են մինչ օրս:
Լուսանկարչության էությունը
Լուսանկարչությունը զգացողությունն անմահացնելու գործիք է: Տարիներ անց լուսանկարը մարդկանց վերադարձնում է այն նույն ապրումներն ու էմոցիաները, որոնք նրանք ունեցել են տվյալ պահին: Ամենաարժեքավորը բնական, չբեմադրված կադրերն են. նույնիսկ խմբակային նկարներում պետք չէ պարտադրել, որ բոլորը նայեն տեսախցիկին: Թող մեկը ժպտա, մյուսը զրուցի կամ փաթաթվի կողքինին. հենց դա է փոխանցում իսկական, կենդանի հիշողությունը:

