Դատախազությունը Արմեն Աշոտյանից հօգուտ ՀՀ–ի պահանջում է բռնագանձել շուրջ 385 միլիոն դրամ, 3 անշարժ գույք

20.08.2026, 13:19
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը
Դատախազությունը Արմեն Աշոտյանից հօգուտ ՀՀ–ի պահանջում է բռնագանձել շուրջ 385 միլիոն դրամ, 3 անշարժ գույք

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, հաղորդում է Գլխավոր դատախազությունը։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Գևորգի Աշոտյանից և վերջինիս հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  •     3 անշարժ գույքի գնման իրավունք, որոնցից 1-ը գտնվում է Կենտրոն վարչական շրջանում, իսկ 2-ը Ավան վարչական շրջանում կառուցվող թաունհաուսներ են.

  •     Շուրջ 47 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ.

  •        338 միլիոն 366 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, 2005-2026 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

«Նովոստի–Արմենիա»–ն մեկնաբանության համար դիմել է Աշոտյանին։