Կառավարության մոտ Վարդաշենի բնակիչների ակցիայի ժամանակ մեկ անձ բերման է ենթարկվել, նրա մոր ինքնազգացողությունը վատացել է

20.08.2026, 12:14
Լարված իրավիճակ՝ կառավարության շենքի մոտ․ բերման ենթարկեցին ակցիայի մասնակցին, նրա մոր ինքնազգացողությունը վատացավ
Կառավարության մոտ Վարդաշենի բնակիչների ակցիայի ժամանակ մեկ անձ բերման է ենթարկվել, նրա մոր ինքնազգացողությունը վատացել է

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի․ /Նովոստի–Արմենիա/. Կառավարության շենքի մոտ լարված իրավիճակ է ստեղծվել Վարդաշենի վթարային շենքերի բնակիչների բողոքի ակցիայի ժամանակ։

Ոստիկանները բերման են ենթարկել ակցիայի մասնակիցներից մեկին։

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ բերման ենթարկված տղամարդը փորձել է ճանապարհն անցնել իր մոր հետ, որի ինքնազգացողությունը վատացել էր։

«Մայրը վատ էր։ Ճանապարհն ուզում էին անցնել, ոստիկանը հրեց մորը։ Ինքն էլ էպիլեպսիկ հիվանդ է, ոստիկանին հարվածեց»,– ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։

Բերման ենթարկվածի մոր ինքնազգացողությունը միջադեպից հետո ավելի է վատացել, և դեպքի վայր են ժամանել շտապօգնության աշխատակիցները։

Վարդաշենի վթարային շենքերի բնակիչները կառավարության մոտ բողոքի ակցիա են իրականացնում՝ իրենց բնակարանների հարցի լուծման համար առաջարկվող փոխհատուցման չափի դեմ։

«Մեզ վերջին անգամ ընտրություններից առաջ ասացին՝ կապահովենք, բայց հիմա որոշել են չնչին գումար տալ, որ մարդիկ տուն առնեն»,– նշեց ակցիայի մասնակիցը։

Նրա խոսքով՝ առաջարկվող գումարով անգամ 5 քառակուսի մետր տարածքով բնակարան ձեռք բերել հնարավոր չէ։

«Մենք եկել ենք հրաժարվենք գումարից։ Թող մեզ մեր քառակուսիի չափով տուն տան»,– նշեց մասնակիցը։